Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ Ծծկեր, ծն. թ. անհտ., գ. Ուլն (Զեյթունի գավառ)— 2.10.1729, Վաղարշապատ, Հայոց կաթողիկոս 1726-ից: Մովորել և եպիսկոպոս է ձեռնադրվել հավանաբար Սսի կաթողիկոսարանում: Ապա նշանակվել է Գաղատիո (Գալաթիա՝ Անկյուրա կենտրոնով) հայոց թեմակալ: Կաթողիկոսական գահ է բարձրացել Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննեսի ջանքերով: Նախորդ կաթողիկոս Աստվածատուր և Համաղանցին 1725-ի աշնան վերջին արկածամահ էր եղել՝ չհասցնելով անվանել հաջորդին: Երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, թուրքերը գրավել էին Այրարատը և շարունակում էին կռիվները Սյունիքում ու Արցախում: Ս. Էջմիածնի միաբանները փախել ու ցրվել էին, և կաթողիկոսի օրինական ընտրություն Վաղարշապատում հնարավոր չէր: Ուստի, Հովհաննես պատրիարքը նախաձեռնել և այն անցկացրել է Կ. Պոլսում: Ստանալով Կ. Պոլսի, Սսի և Երուսաղեմի հայոց աշխարհիկ ու հոգևոր գործիչների համաձայնությունը՝ նա պատվիրակներ է հղել Անկյուրա՝ Կ. Բ Ու-ուն Կ. Պոլիս առաջնորդելու: Փետր. 27-ին, Ս. Աստվածածին եկեղեցու 12 եպիսկոպոսներ կատարել են օծումը: Կ. Բ Ու. առժամանակ մնացել է Կ. Պոլսում և կարգավորել իրավա-կանոնական ու հոգևոր-դավանական որոշ խնդիրներ ու վեճեր: 1727-ի հունիսի 7-ին Կ. Բ Ու. մեկնել է Կ. Պոլսից, այցելել հայոց հոգևոր թեմերի մի շարք կենտրոններ (Բրուսա, Անկյուրա, Եվդոկիա ևն) և 1728-ի սկզբին հասել Էջմիածին: Էջմիածնում համախմբել է ցրված միաբաններին, կարգավորել վանքապատկան կալվածագրերը և նպաստել հոգևոր-մշակութային կյանքի զարգացմանը (Հակոբ Հովնաթանյանին պատվիրվել են Մայր տաճարի խորանի կամարի 12 առաքյալների նկարները ևն): Թաղված է Ա. Հռիփսիմեի տաճարի զավթում:

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: