ՀՍՀ/ԿԱՐԲՈՆԱՏՆԵՐ
ԿԱՐԲՈՆԱՏՆԵՐ, ածխաթթվի աղերը: Տարբերում են չեզոք (օրինակ, Na₂CO₃), թթու (հիդրոկարբոնատներ կամ բիկարբոնատներ՝ NaHCO₃) և հիմնային (օրինակ, Cu₂(OH)₂CO₃) Կ.: Մեծ մասամբ անլուծելի են ջրում: Լուծելի են միայն ալկալիական մետաղների, ամոնիումի և թալիումի չեզոք Կ.: Հիդրոլիզի պատճառով դրանց լուծույթները ցույց են տալիս հիմնային ռեակցիա: Թթու Կ. լավ են լուծվում ջրում: Տաքացնելիս, մինչև հալման կետին հասնելը, Կ. քայքայվում են (CaCO₃=CaO+CO₂), բացառություն են կազմում ալկալիական մետաղների և թալիումի Կ.: Հիդրոկարբոնատները տաքացնելիս փոխարկվում են չեզոք Կ-ի (2KHCO₃=K₂CO₃+H₂O+CO₂): Ուժեղ թթուների ազդեցությամբ չեզոք և թթու Կ. քայքայվում են՝ անջատելով CO₂, օրինակ, Na₂CO₃ + H₂SO₄ = Na₂SO₄ + H₂O + CO₂: Չեզոք Կ. լայնորեն տարածված են բնության մեջ և կազմում են միներալների առանձին խումբ (բնական կարբոնատներ): Ցինկի, կապարի, պղնձի, երկաթի և այլ մետաղների Կ. արժեքավոր մետաղական հանքանյութեր են: Ոչ հանքային հումքը՝ կրաքարը (CaCO₃), մագնեզիտը (MgCO₃), վիտերիտը (BaCO₃) կիրառում են շինարարության, քիմ. արդյունաբերության, հրակայուն նյութերի արտադրության մեջ ևն: Սինթետիկ Կ-ից տեխնիկայում լայնորեն օգտագործում են սոդան (Na₂CO₃ և NaHCO₃) և քիչ քանակով պոտաշը (K₂CO₃): Հիդրոկարբոնատները ֆիզիոլոգիական կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմում, բուֆերային նյութեր են (տես Բուֆերային համակարգեր):
