ՀՍՀ/ԿԱՐԼՈՍ ՄԵԾ
ԿԱՐԼՈՍ ՄԵԾ (լատ. Carolus Magnus) (742—814), ֆրանկների թագավոր 768-ից, կայսր 800-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին: Կ. Մ-ի անունով է կոչվել Կարոյինգսերի դինաստիան: Մինչև 771-ը կառավարել է եղբոր՝ Կարլոմանի հետ, որի մահից հետո դարձել է Ֆրանկական պետության միանձնյա կառավարող: Բազմաթիվ զավթողական արշավանքների հետևանքով ընդարձակել է իր թագավորության սահմանները: 800-ին Հռոմի պապ Լևոն III Կ. Մ-ին թագադրել է կայսր: Ընդարձակ պետությունը միասնական օրենքների ենթարկելու նպատակով Կ. Մ. հրապարակել է բազմաթիվ կապիտուլարներ (կարգադրություններ): Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ «մարկեր»: Կ. Մ. կաթոլիկ եկեղեցին դիտել է որպես թագավորական իշխանության հենարան, նրա ներկայացուցիչներին շնորհել բարձր պաշտոններ ու արտոնություններ, խրախուսել նվաճված երկրների բնակչության բռնի քրիստոնեացումը: Կ. Մ-ի ներքին քաղաքականությունը նպաստել է ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը, հաստատվել է գյուղացիների հողային կախումը ֆեոդալներից, աճել խոշոր հողատիրությունն ու հողատեր ազնվականության ինքնուրույնությունը: Դրանով, հակառակ սեփական կամքի, Կ. Մ. սոցիալական ու տնտ. նախադրյալներ է ստեղծել երկրի ֆեոդալական մասնատվածության համար: Կ. Մ-ի օրոք որոշ վերելք է ապրել ֆրանկական մշակույթը (տես Կարուինգյան արվեստ):
