ՀՍՀ/ԿԱՐԾՐԱՄԱՇԿՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԾՐԱՄԱՇԿՈՒԹՅՈՒՆ, սկլերոդերմիա (հուն,—կարծրացում և մաշկ), կուագենային հիվանդություն. արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ պրոցեսի սիստեմային բնույթի դեպքում նաև ներքին օրգանների կարծրացմամբ: Կ. լինում է սահմանափակ (օչախային), տարածուն և սիստեմային: Սահմանափակ Կ. կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային: Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման: Տարածուն Կ. ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները: Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը: Սիստեմային Կ. բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքրանոթների տարածված կարծրախտային փոփոխություններով: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար: Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի օրգանների ֆիբրոզ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը: Բուժումը. նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտի-կոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերալցիա: Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում:
