Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ, ռոժա (լեհ. roza, բառացի՝ վարդ), վարակիչ հիվանդություն. առաջանում է հեմոլիտիկ ստրեպտոկոկերով ախտահարվելիս և բնորոշվում է մաշկի, մաշկային ավշային անոթների, լորձաթաղանթների սուր բորբոքային երեվույթներով: Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամադրվածությունը, ալերգիան (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ): Կ. ք. լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրորդային՝ զարգանում է որպես տեղական թարախային պրոցեսների (օրինակ, ֆուրունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն: Կ. ք. ընթանում է հետևյալ ձևերով, էրիթեմատոզ, որի դեպքում նկատվում է հյուսվածքների տեղային ավշային այտուց, մազանոթային ցանցի լայնացում, որով պայմանավորված է մաշկի ուռածությունը և կարմրությունը: Բշտային ձև, այտուցային հեղուկի մեծ քանակության կուտակման դեպքում մաշկի մակերեսային շերտը շերտազատվում է՝ առաջացնելով բշտեր: Ֆլեգմոնոզ, ընթանում է մաշկի ախտահարված հատվածների թարախակալումով, գանգրենոզ, բնորոշվում է հյուսվածքների մեռուկացումով (առավելապես թույլ հիվանդների մոտ): Ընդհանուր ախտանշանները, ջերմության հանկարծակի բարձրացում՝ 40—41°C, դող, թուլություն, գլխացավ, Փսխումներ: Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ: Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վերջույթների վրա և առաջացնում այրող ցավեր: Մոտակա ավշահանգույցները մեծանում են, դառնում ցավոտ: Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ, հաճախ կրկնվում է (ռեցիդիվ): Բարդությունները, ախտահարման պրոցեսի տարածումը հարևան հյուսվածքների վրա, արյան միջոցով հարուցիչների տարածումն այլ օրգանների և հյուսվածքների մեջ և արյան վարակում (սեպսիս): Բուժումը տարվում է հիվանդանոցներում, տեղական ֆիզիոյտերապևտիկ պրոցեդուրաների կիրառում, անտիբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, անկողնային ռեժիմ, ախտահարված վերջույթի հանգիստ: Կանխարգելումը, քերծվածքների, միկրո-տրավմաների ժամանակին և լիարժեք մշակում: