ՀՍՀ/ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ
ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայկական ՍՍՀ-ում, Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան ստորոտին, Թալինի սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև: Աստիճանաբար ցածրանալով հվ-արլ. ուղղությամբ՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կազմված է նեոգենի և պլեյստոցենի հրաբխային ապարներից: Ունի բլրաալիքավոր, թույլ մասնատված մակերևույթ: Կան լավային հոսքեր, մինչև 100 մ հարաբերական բարձրությամբ խարամային կոներ: Մակերևույթի կարևոր ձևաբանական տարրերը Մաստարայի սելավաբեր համակարգի հեղեղատներն են: Կլիման չորցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, տարեկան տեղումները 300—350 մմ են: Հողերը կարբոնատային են, ցածրադիր վայրերում լեռնային գորշ, բարձրադիր մասերում՝ լեռնաշագանակագույն: Տիրապետում ենտափաստանը և օշինդրային կիսաանապատը: Արհեստական ոռոգման պայմաններում զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ:
Ի. Նազարյան
