Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՈԼԻՆԳՅԱՆ ԱՐՎԵՍՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՈԼԻՆԳՅԱՆ ԱՐՎԵՍՏ, Կարլոս Մեծի կայսրության և Կարոչինգների թագավորական դինաստիայի թագավորությունների (VIII— X դդ.) արվեստը: Ծաղկման է հասել «Կարոլինգյան վերածննդի» շրջանում VIII—IX ոդ., հիմնականում Ֆրանսիայում և Գերմանիայում: «Կարոլինգյան վերածնունդն» ընթացել է անտիկ կրթության «վերածննդի» նշանաբանով. կազմակերպվել են նոր դպրոցներ (Տուրում, Կորբիում, Ֆուլդայում, Ռեյմսում և այլուր), արքունիք են հրավիրվել մի շարք ուսյալ գործիչներ, լուրջ ուշադրություն է դարձվել անտիկ գրականությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքներին, պատմագրության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը, ձեռագրերի ընդօրինակմանը: Կ. ա-ում ձևավորվել են եվրոպական միջնադարյան ֆեոդալական արվեստի հիմունքները: Այդ դարաշրջանի ինտենսիվ շինարարության մասին վկայում են գրական աղբյուրները (վանքերի, պալատների ընդարձակ համալիրներ, «բուրգ»ամրություններ, բազիլիկ եկեղեցիներ): Պահպանված սակավաթիվ կառույցներից են՝ Ախենի բազմանկյուն կենտրոնակազմ կապելլան (մինչև 798805), Ֆուլդայի Սանկտ-Միխայել կապելլա-ռոտոնդան (մոտ 820—822), Կորվեի եռանավ եկեղեցին (822—885), Լորշի վերդարպաս-յա կառույցը (մոտ 774): Տաճարները և պալատները գեղազարդվել են խճանկարներով (ժերմինյի-դե-Պրե եկեղեցի, 806-ից հետո) և որմնանկարներով (Մյունստերի եկեղեցու որմնանկարները, մոտ 800): Զարգացել է մանրանկարչությունը (ավետարանիչների պատկերներ, աստվածա-շնչյան տեսարաններ, կարոլինգյան դինաստիայի միապետներ): Որոշ մանրանկարներ առանձնանում են անտիկ ոճավորման և միջնադարյան սիմվոլիկայի ու զարդանկարների համադրմամբ, մյուսները («Ադայի Ավետարան», IX դ. սկիզբ, Քաղաքային գրադարան, Թրիթ, « էբբոյի Ավետարան», մոտ 816—835, Քաղաքային գրադարան, էպերնե)՝ ազատ, դինամիկ կոմպոզիցիայով: Փղոսկրից պատրաստվել են գրքերի կազմեր, զարդատուփեր ևն: Տարածված են եղել ձուլումը, դրվագումը, փորագրությունը, արծնակիտումը, քարի քանդակազարդումը: