Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՏԱՆ ԷԼԻ ԺՈԶԵՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՏԱՆ (Cartan) էլի ժոզեֆ (9.4.1869, Դոլոմյե—6.5.1951, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս: Փարիզի ԳԱ անդամ (1931): Ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը (1891): Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1912): Հիմնական աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի, դիֆերենցիալ հավասարումների տեսություններին, դիֆերենցիալ երկրաչափությանը: 1894-ին հիմնել է Լիի խմբերի հանրահաշվական տեսությունը, 1913-ին կառուցել է Լիի կիսապարզ խմբերի ներկայացումների տեսությունը, հետագայում Լիի խմբերը կապել է դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի հետ: 1899—1902-ին ստեղծել է, այսպես կոչված, արտաքին ձևերի տեսությունը, որը նրան հնարավորություն տվեց լուծել Պֆաֆի հավասարումների համատեղության հարցը: Բազմաչափ տարածությունների դիֆերենցիալ երկրաչափությունում կառուցել է աֆինական, պրոյեկտիվ և կոնֆորմ կապակցվածություններ ունեցող ընդհանրացված տարածություններ, տվել է շարժական ռեպերի ընդհանուր մեթոդը, որը արտաքին ձևերի մեթոդի հետ երկրաչափական պրոբլեմների լուծման արդյունավետ միջոց է: