Jump to content

ՀՍՀ/ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, բարձրագույն կրթական հաստատություն, հիմնվել է 1886-ին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում, պատրիարք Ն. Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով: Նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն, Պոլսիևգավառների հայկ. դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել: Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպական երկրների (հատկապես Ֆրանսիայի և Շվեյ-ցարիայի) համալսարաններում: Առաջին տնօրենն էր Մ. Չերազը (1886—89): Սկզբում ունեցել է մեկ դասարան (65 աշակերտ): Հ. Մկրտիչյանի տնօրինության (1890—96) օրոք մշակվել և գործողության մեջ է դրվել ուսման և դաստիարակության ավելի առաջադիմական ու կատարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով: 1890-ից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի: Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը: Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ կրոն, հայերեն, թուրք., ֆրանս., պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, վաճառականական գիտելիքներ, առողջապահություն, սղագրություն, գծագրություն: Հաջորդ երկու դասարաններում ավելանում են իմաստասիրություն, քաղտնտեսություն, ելևմտական գիտություն, մանկավարժություն: Ուսուցումը մասնագիտացված է գիտական և գրական ուղղություններով: 1896-ին Կ. Վ. Փակվել է, վերաբացվել է հաջորդ տարին, կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու: 1897—1909-ին Կ. Վ. անկման շրջան է ապրել (ընդհանուր հսկիչն էր Գ. Բարունակյանը): 1902-ին կից բացվել է բարձրագույն դասընթաց: Այնուհետև տնօրեններ Մ. Նալբանդյանի (1909— 13), Գ. Գավաֆյանի (1917—27), Պ. Ատրունու (1927—33) օրոք Կեդրոնականը նոր վերելք է ապրել՝ հասնելով իր երբեմնի մակարդակին: Հետագա տարիներին իրենց գործունեությամբ աչքի են ընկել տնօրեններ Գ. Սարաֆյանը, Հ. Հարությունյանը, է. Այվազյանը, Հ. Տեր-Անդրեասյանը: 1929-ին Կ. Վ. վերանվանվել է Կեդրոնական Սանասար-յան լիցեյ: Նոր՝ Մանասարյան վարժարան հիմնելու համար նախատեսված գումարը տրամադրվել է Կ. վ-ին: Նույն թվականին փակվել է վարժարանի նախակրթարանը, և փոխարենը հիմնվել նախապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ: 1935—51-ին էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացված է եղել Կ. վ-ին: Տարբեր տարիներ Կ. վ-ում դասավանդել են Մ. Գարագաշյանը, Հ. Շիշմանյանը (Ծերենց), Բ. Կյուլեսերյանը, Հ. Հինդլյանը, Ռ. Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Հ. Պարոնյանը, Գ. Նորաաունկյանը, Ս. Կուրտիկյանը, Գ. Գավաֆյանը, Ե. Տեր-Անդրեասյանը, Հ. Ասատուրը, Տ. Չրաքյանը (Ինտրա), Լ. Շանթը, Վ. Թեքեյանը, Հ. Օշականը, Կ. Զարյանը, Զ. Ասատուրը (Սիպիլ), Մ. Իգմիրլյանը, Մ. Օրմանյանը, Ե. Դուրյանը, Գ. Սրվանձտյանը, Գ. Խաչատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչատրյանըևուրիշներ: Դասավանդել է նաև Կոմիտասը. «Գուսան» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից: Կ. վ-ում սովորել են Ա. Չոպանյանը, Հ. Աճառյանը, Ա. Ալպոյաճյանը, Հ. Սիրունին, Ա. Արմենյանը, Մ. Մեծարենցը, Վ. Թեքեյանը, Հ. Մնձուրին, Ռ. Շիշմանյանը, Երուխանը (Ե. Սրմաքեշխանլյան), 0. Չիֆթեսարաֆը, Հ. Պերպերյանը, Պ. Գևորգյանը, Ս. Մանուկյանը, է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշներ: Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը մայր հայրենիքում (Կ. Կարագյան, Գ. Անտոնյան, է. Չոփուրյան, Վ. Պետոյան, Տ. Քրմոյան): Սովորողների թիվը տատանվել է 30—350-ի միջև: 1947-ին Պոլսում հիմնադրվել է Կ. վ-ի սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Այն իր գրական, թատերական, երաժշտական, մշակութային և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և բարոյապես սատարել մայր վարժարանին: Կ. Վ. ունի 130 (1978) աշակերտ, պահվում է հայ համայնքի նվիրատվություններով:

Կ. Կարագյան