ՀՍՀ/ԿԵՆԱՑ ԾԱՌ
ԿԵՆԱՑ ԾԱՌ, երևակայական բույս դրախտում (երկնքում)՝ աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար: Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում, նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և, մասնավորապես, ոռոգվող երկրագործության շնորհիվ: Կ. ծ-ի գաղափարի մեջ ընդգրկվել են մարդկանց կենսափորձային իմացություններըևհին պատկերացումները՝ բնության օրինաչափությունների վերաբերյալ: Եգիպտական Օզիրիս աստծուն համարում էին երկրագործության հիմնադիր, ուսուցիչ և հաճախ նրան ուղղակի կոչում Կ. ծ.: Հնդկական Ռիգվեդայում Կ. ծ. Մոման է, իրանական Ավեստայում՝ Խոմը (Հոմ) կամ Հոման (Հոմա): Հին աշխարհի մայր աստվածուհիները ևս հաճախ պատկերվում էին բուսական հատկանիշներով: Աիրո և պտղաբերության, մահվան ու հարության դիցաբանության մեջ որոշիչ դեր էր հատկացված Կ. ծ-ին: Քրիստոնեությունը, որդեգրելով Կ. ծ-ի գաղափարը, այն առնչեց Հեսու նախնու, նրա «արմատից բխած» Քրիստոսի, խաչի, խաչափայտի և այլ հասկացությունների հետ: Այստեղ էլ Նոր տարին դիտվեց իբրև աստծու ծնունդ և նշանավորվեց Կ. ծ-ի (տոնածառի) շուրջ խմբվող հանդեսներով: Հայ իրականության մեջ Կ. ծ-ի գաղափարը շատ վաղ ծագում ունի: Նրա հին վերարտադրություններին կարելի է հանդիպել «վիշապ» քարակոթողների (մ. թ. ա. III—II հազարամյակներում), Վանի թագավորության հուշարձանների (մ. թ. ա. IX—VII դդ.) վրա, Մուսասիրի տաճարի ճակտոնին (մ. թ. ա. IX—VIII դդ.), Էրեբունիի գունագեղ որմնանկարներում (մ. թ. ա. VIII դ.) և այլուր: Հեթանոս արևորղիները պաշտում էին բարդու ծառը, Արմավիրի քրմերը գուշակություններ էին անում սոսիների օգնությամբ, Անահիտ աստվածուհուն նվիրաբերում ծաղկեպսակներ և թարմ ճյուղեր, իսկ հարսանեկան հանդեսներում Փառաբանում «փեսի ծառ»երը՝ ծառագովքերով և ծիսական արարողություններով: Դրանք խորհրդանշում էին ամուսնացող զույգի, ընտանիքի, տոհմի հավերժության իմաստը (տոհմածառեր): Մինչ այժմ էլ կարելի է հանդիպել սրբազան համարված ծառերի, որոնք պաշտվելիս են եղել զոհաբերությամբ և երկրպագությամբ: Ուշագրավ է, որ հայոց լեզվում դրախտ հասկացությունը այդպես է կոչվել Կ. ծ-ի պատճառով (ծառ, ծառաստան—draxt), իսկ մանրանկարիչները կոչվել են ծաղկող, որովհետև բույսեր ու ծաղիկներ են նկարել: Հնուց ի վեր Կ. ծ-ի գաղափարը մեծ տարածում է գտել համաշխարհային մշակույթի, հատկապես զարդարվեստի բոլոր բնագավառներում: Այստեղ այն գրավել է ողնաշարային դիրք, իր շուրջը խմբել կենդանական և երկրաչափական բուոր մոտիվները: Ավելի, քան որևէ այլ զարդամոտիվ, Կ. ծ. վճռական դեր է խաղացել բոլոր ժողովուրդների զարդարվեստներում: Այսօր այդ մոտիվն իր փոխակերպություններով բոլորովին նոր իմաստով ու նոր հմայքով օգտագործվում է ժամանակակից արվեստում:
Գրկ. Մնացականյան Ա. Շ, Հայկական զարդարվեստ, Ե., 1955: Նույնի, Վերստին Մոաասիրի տաճարի ճակտոնի խորհրդանշանի մասին, «ՊԲՀ» 1977, 4: Фрезер Дж., Золотая ветвь, т. 1, М.,1928.
Ա. Մնացականյան
