Jump to content

ՀՍՀ/ԿԵՆԱՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆԱՖ (Hibiscus cannabinis), մոլոշազգիների ընտանիքի թելատու միամյա բույսերի տեսակ: Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1—5 մ բարձրությամբ: Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև: Ծաղիկները խոշոր են, բաց դեղին գույնի: Պտուղը հինգ բնանի տուփիկ է: Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև: 1000 սերմի կշիռը 20—28 գ է: Ջերմասեր և խոնավասեր բույս է: ՍՍՀՄ-ում մշակվող սորտերի չոր ցողունի թելի ելը 16—20 է: Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան ևն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շին. սալիկներ: Սերմերը պարունակում են 18—20 տեխ. յուղ, որն օգտագործվում է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի արդյունաբերության մեջ, իսկ քուսպը՝ որպես կեր և պարարտանյութ: ՍՍՀՄ-ում Կ. մշակվում է Միջին Ասիայի ոռոգվող երկրագործության շրջաններում: