Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՍԱԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՍԱԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ (հան. — կյանք և աշխարհագրություն), գիտություն կենդանիների, բույսերի, միկրոօրգանիզմների և նրանց տարբեր կենսա-համակցությունների (բիոցենոզների) տարածման, տեղաբաշխման, կապերի ու փոխհարաբերությունների, ինչպես նաև կենսազանգվածի ձևավորման և տարածական տեղաբաշխման օրինաչափությունների մասին: Սահմանային գիտություն է աշխարհագրության և կենսաբանության միջև: Ուսումնասիրում է երկրագնդի բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի միջև գոյություն ունեցող միասնության ու զարգացման օրինաչափությունները (օրինակ, կենսաբանական շրջապտույտը, կենսահամակցությունների զարգացման դինամիկան ևն): Կ-յան հիմնական ուղղություններն են՝ արեալագիտական, ֆլորիստա-ֆաունիստական (բուսաբանա-կենդանաբանական), ռեգիոնալ, էկոլոգիական և պատմական Կ-ները: Իր հետազոտությունների ընթացքում Կ. օգտվում է համեմատական աշխարհագրական, էկոլոգիական, քանակական, պատմական և քարտեզագրական մեթոդներից: Դասվում է կենսոլորտի գիտությունների շարքը: Կ. բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսական հիմքն է: Բնության պահպանության ճիշտ կազմակերպումը հիմնված է տարբեր աշխարհամասերի կենսաաշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրման հետ:

Գրկ. Воронов А. Г., Биогеография, М., 1963 Л е м е Ж., Основы биогеографии, М., 1976.