ՀՍՀ/ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԻԹՄԵՐ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԻԹՄԵՐ, բիոլոգիական ռիթմեր, կենսաբանական պրոցեսների, երևույթների բնույթի ու ինտենսիվության ցիկլային փոփոխություններ: Կ. ռ. բնորոշ են միաբջիջ և բազմաբջիջ բուսական ու կենդանական օրգանիզմներին, ինչպես նաև առանձին բջիջների ու մեկուսացած օրգանների: Տարբերում են էկոլոգիական, տիեզերական, լուսնային, օրական, սեզոնային Կ. ռ., որոնցից առավել տարածված են վերջին երկուսը: Բուսական աշխարհում սեզոնային ռիթմի օրինակներ են բույսերի կանաչ ծածկույթի առաջացումը, ծաղկումը, պտղաբերումը, տերևաթափը, կենդանական աշխարհում՝ ձմեռային և ամառային քունը, սեռական ցիկլը, որը կապված է ներքին սեկրեցիայի գեղձերի (հիպոֆիզ, սեռական ևն) ակտիվության տատանումների հետ: Առավել հայտնի և բարդ սեզոնային Կ. ռ-ի արտահայտություն է թռչունների չուն: Կ. ռ. են նաև այն ռիթմերը, որոնք առաջանում են արտաքին միջավայրի անբարենպաստ (շոգ, չոր ամառ, խիստ սառնամանիք) պայմաններում և արտահայտվում են դիապաուզայով, այսինքն՝ ձվից մինչև հասուն օրգանիզմ դառնալը զարգացման որևէ փուլում առաջանում է ժամանակավոր դադար, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև 5—7 տարի: Վերջին տասնամյակներում մեծ հետաքրքրության է ներկայացնում օրական ռիթմերի ուսումնասիրությունը: Ըստ օրական ռիթմի բնույթի կենդանիները բաժանվում են ցերեկային (հավ, կատու, ճագար ևն), գիշերային (մուկ, առնետ, սև խավարասեր ևն) խմբերի: Կան նաև մթնշաղային (չղջիկ, ծիծեռնակ ևն) և խառն ակտիվության (շուն ևն) կենդանիներ: Որոշ ռիթմեր պայմանավորված են միջավայրի գործոններով և կոչվում են «ձեռքբերովի», մնացածները բնածին են, միջավայրի պայմաններից անկախ: Վերջիններս ունեն էնդոգեն ծագում, կարող են առաջացնել 22—26-ժամյա շեղումներ, որոնք կոչվում են ցիրկադային ռիթմեր: Բնականոն լուսավորության և ջերմաստիճանի կայունության պայմաններում մոտավոր օրական ռիթմը պահպանվում է: Դա վկայում է, որ օրգանիզմներում բջիջներն ունեն ժամանակը ճիշտ հաշվելու ընդունակություն, հետևաբար՝ կենսաբանական ժամացույց: Օրինակ, մեղուները ծաղիկներին այցելում են, ծաղիկների տարբեր տեսակներ բացվում և նեկտար արտադրում են օրվա որոշակի ժամերի: Լույսը բուսական և կենդանական օրգանիզմների վրա մշտապես ազդող ամենակարևոր գործոնն է, Կ. ռ ի առաջացման, ընթացքի և փոփոխության որոշիչը: Դրա հետ է կապված ֆոտոպերիոդիզմի երևույթը: Կ. ռ-ի կարգավորման հարցում մեծ և որոշիչ դերը նյարդային համակարգությանն է: Բազմաթիվ տվյալներ վկայում են անալիզատորների նշանակությունը կենդանիների ֆունկցիաների օրական ռիթմի իրականացման գործում: Կ. ռ. ունեն հարմարվողական ռեակցիաների նշանակություն արտաքին միջավայրի տարբեր պայմանների (լույս, ջերմություն, խոնավություն, մթնոլորտային ճնշում ևն) փոփոխությունների նկատմամբ: Ֆունկցիաների ռիթմիկականության խանգարումը առաջացնում է առանձին համակարգերի փոխներգործություն, որը կարող է ախտաբանական երևույթների պատճառ, դառնալ:
Գրկ. Бюннинг Э., Ритмы физиологических процессов, пер. с He м., M., 1961 Биологические часы. Сб, ст., пер. с англ., М., 1964.
