ՀՍՀ/ԿԵՆՍԱԾԻՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ
ԿԵՆՍԱԾԻՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ, բիոգեն խթանիչներ, կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութեր, որոնք որոշակի պայմաններում առաջանում են բուսական և կենդանական հյուսվածքներում: Կ. խ-ի մասին ուսմունքն առաջինը մշա-կել է սովետական ակնաբան Վ. Ֆիլատովը: Կ. խ-ի քիմ. բաղադրությունը և ազդեցության մեխանիզմը պարզաբանված չեն: Կ. խ. պարունակող պատրաստուկները ստացվում են բուսական և կենդանական ծագում ունեցող հյուսվածքները անբարենպաստ պայմանների (սառեցում, երկարատև մթություն, ռենտգենյան կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ) ազդեցությանը ենթարկելով, ինչպես նաև տորֆից, լիմանային ցեխից ևն: Վերջիններիս մեջ Կ. խ-ի առկայությունը պայմանավորված է մեռած միկրոֆլորայով և միկրոֆաունայով: Թողարկվում են Կ. խ. պարունակող մի շարք պատրաստուկներ, հալվեի հեղուկ մզվածք, հալվեի լինիմենտ, ֆիբս ևն: Հիշյալ պատրաստուկները նշանակվում են քրոնիկական բորբոքումների, կազմափոխման և ապաճման պրոցեսների ժամանակ: Կ. խ-ի կիրառումը դրական արդյունք է տալիս աչքիտարբեր հիվանդությունների, ստամոքսի խոցի, մաշկի տրոֆիկ խոցերի ժամանակ: Անասնաբուծության մեջ Կ. խ. պարունակող պատրաստուկներն օգտագործվում են բուժիչ նպատակով (երկա րատև, չապաքինվող վերքերի, խոցերի, էկզեմաների, ոսկրերի կոտրվածքների, մաստիտների ևն դեպքում), ինչպես նաևմատղաշների աճի խթանման, գյուղատնտ. կենդանիների բազմապտղաբերության, արտադրողականության բարձրացման համար:
