Jump to content

ՀՍՀ/ԿԵՉԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՉԻ (Betula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառերի և թփերի ցեղ: Բնի կեղևը սպիտակ է կամ այլ գույնի: Ծառերի բարձրությունը՝ մինչև 30 մ, տրամագիծը՝ 1,2 մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաևզր: Ծաղիկները կատվիկներ են, արականները գլանաձև են, առաջանում են ընձյուղների ծայրին, իգականները զարգանում են գարնանը, կարճ ընձյուղներից: Պտուղը ընկուզանման է, միասերմ: Սերմերը հասունանում են ամռանը կամ աշնանը: Արագ է աճում հատկապես երիտասարդ հասակում: Հայտնի է շուրջ 120 տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում: ՍՍՀՄ-ում աճում է 50, ՀՍՍՀ-ում՝ 3 տեսակ՝ ելունդավոր (B. pendula), թավոտ (B. pubes-cens) և Լիտվինովի (B. Litwinowii)Ելունդավոր Կ. տարածված է Ստեփանավանի, իջևանի, Ապարանի, Գառնիի, Վայքի, Մեղրիի, Զանզեզուրի անտառների վերին եզրերում, քարքարոտ տեղերում: Թավոտ Կ. զբաղեցնում է ոչ այնքան մեծ տարածք և աճում է փոքր խմբերով կամ մեկական: Հայաստանում ամենատարածվածը Լիտվինովի Կ. է, որը Մարմարիկի հովտում, Սևանի ավազանում առաջացնում է մերձալպյան կեչուտներ: Կ-ու տեսակները էկոլոգիայով շատ մոտ են միմյանց, լուսասեր են, ցրտադիմացկուն, երաշտակայուն և հողի նկատմամբ քիչ պահանջկոտ: Կ. ապրում է 60—80 տարի: Բնափայտը և կեղևը կիրառում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում, տերևներն ու բողբոջները՝ բուժիչ նպատակով: Բողբոջները պարունակում են 3,5—6 եթերայուղեր: Կ. ունի նաև դեկորատիվ նշանակություն: