ՀՍՀ/ԿԵՉՈՒԱ
ԿԵՉՈՒԱ, կիչուա, կեշուա, Հարավային Ամերիկայի ժամանակակից հնդկացի ժողովուրդ: Պերուի, Բոլիվիայի, Էկվադորի բնակչության զգալի մասը: Բնակվում են նաև Արգենտինայի և Չիլիի հս-ում: Ընդհանուր թիվը՝ մոտ 10 մլն (1970): Խոսում են կեչուա լեզվով: Հիմնականում կաթոլիկներ են, պահպանել են նաև մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ: XVI դ. իսպանական նվաճումները, ապա ստրկատիրական ու ֆեոդալական շահագործման զանազան ձևերը նպաստեցին Կ-ների ցեղային միջնորմների վերացմանը, էթնիկական միաձուլմանը, ազատագրական շարժման վերելքին և ազգային միասնական լեզվի ձևավորմանը: XIX դ. I քառորդում, ներառնելով բազմաթիվ էթնիկական խմբեր, ձևավորվեց Կ. ազգությունը: Կ-ները զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասամբ՝ արհեստներով, աշխատում լեռնային և տեքստիլ արդյունաբերության մեջ:
Գրկ. Народы Америки, т. 2, М., 1959.
