ՀՍՀ/ԿԵՊԼԵՐ
ԿԵՊԼԵՐ (Kepler) Յոհան 27.12.1571, Վայլդեր-Շտատ (Վյուրտեմբերգում)—15.11.1630, Ռեգենսբուրգ, Բավարիա, գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիրը: 1593-ին ավարտել է Տյուբինգենի ակադեմիան և Դրաց (Ավստրիա) քաղաքի գիմնազիայում զբաղեցրել մաթեմատիկայի, «բարոյագիտական փիլիսոփայության» պրոֆեսորի պաշտոնը: 1596-ին գրել է իր առաջին մեծ աշխատությունը՝ «Տիեզերքի գաղտնիքը», որտեղ փորձել է թվային առնչություն գտնել Արեգակից մոլորակների հեռավորության և կանոնավոր բազմանիստների չափերի միջև: Բողոքականների նկատմամբ կաթոլիկ եկեղեցու հետապնդումներն ու դաժանությունները Կ-ին ստիպել են թողնել Գրացը և տեղափոխվել (1600) Պրագա՝ Տ. Բրահեի մոտ: Վերջինիս մահվանից (1601) հետո նրա փոխարեն կ. նշանակվել է պալատական մաթեմատիկոս և ժառանգել Բրահեի քառասունամյա դիտումների արդյունքները, որոնց տեսական հիմնավորման ընթացքում հանգել է մոլորակների շարժման նշանավոր օրենքներին (տես Կեպփրի օրենքներ): 1604-ին լույս է տեսել աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության հարցերին նվիրված տրակտատը, որտեղ Կ., փաստորեն առաջինը, գիտական հիմքի վրա է դրել տեսողության մեխանիզմի տեսությունը, բացատրել ցրող և հավաքող ոսպնյակների գործողության սկզբունքը, ապացուցել, որ լուսավորվածությունը նվազում է լույսի աղբյուրից եղած հեռավորության քառակուսուն հակադարձ համեմատական, о պտիկա ներմուծել «օպտիկական առանցք», «մենիսկ», «զուգամետ», «տարամետ» տերմինները: 1612-ին Կ. տեղափոխվել է Լինց, ուր 1619-ին լույս է ընծայել «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատությունը, որով ընդհանրացրել է դեռևս 1609-ին գրած «Նոր աստղագիտություն» աշխատության մեջ առաջացած պրոբլեմները և ստացել մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող կուռ տեսություն: «Կոպեռնիկոսյան աստղագիտության համառոտում» (1618—1622, 1—3 մաս) աշխատությամբ հաստատվեց, որ Մարսի շարժման օրինաչափությունների համար սահմանված Կ-ի առաջին երկու օրենքները ճիշտ են նաև մյուս բոլոր մուորակների և Լուսնի երկրաշուրջ պտույտի, իսկ երրորդ օրենքը նաև Ցուպիտերի 4 արբանյակների համար: Այդ աշխատության մեջ Կ. շարադրել է նաև Լուսնի և Արեգակի խավարումների տեսությունն ու կանխագուշակման եղանակները: 1618-ին կաթոլիկների և բողոքականների միջև սկսված երեսնամյա պատերազմը Կ-ին ստիպել է փախչել Ուլմ (1626), ուր 1627-ին ավարտել է իր վերջին ամենամեծ աշխատությունը («Ռուդոլֆյան աղյուսակներ»), որը հնարավորություն էր ընձեռում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին: 1628-ին, գոյատևման միջոցներ հայթայթելու համար, Կ. ստիպված դարձել է զորավար Ա. Վալենշտայնի աստղագուշակը և մինչև 1630-ը ապրել Զագանում (այժմ՝ ժագան, Լեհաստան): Կ-ի վերջին ստեղծագործությունը «Քուն» ֆանտաստիկ վեպն է (1634): 1630-ի աշնանը Ռեգենսբուրգ մեկնելիս Կ. ճանապարհին հիվանդացել է թոքերի բորբոքումով և տեղ հասնելուց հետո մահացել: Կ-ի ձեռագրերի մեծ մասը (22 հատորից 18-ը) ձեռքից ձեռք անցնելով, վերջապես, 1774-ին հանգրվանել է Պետերբուրգի գիտ. ակադեմիայում:
Երկ. Gesammelte Werke, v. 1—18, Munchen, 1937-69.
Գրկ. Еремеева А. И., Выдающиеся астрономы мира, М., 1966.
