Jump to content

ՀՍՀ/ԿԵՐՊԱՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐՊԱՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, գրական-գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն, որն ունի բնավորության և վարքագծի որոշակի հատկանիշներ: Կ-ի ստեղծումը արվեստագետի կարևորագույն խնդիրն է: Կերպարը պատկերի հիմնական տեսակն է: Պատկերի մյուս ձևերը (բնության և առարկայական աշխարհի տեսարաններ, դեպքերի նկարագրություն ևն) ծառայում են մարդկային վարքագծի ավելի լրիվ ցուցադրմանը: Կ. գ-ի հիմնական յուրահատկությունը մարդուն բնորոշ եզակի գծերի և անհատականության զուգակցումն է ընդհանուրի և տիպականի հետ: Արվեստի տեսակներում (գրականություն, թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն) ու ենթատեսակներում Կ. գ. մարմնավորվում է արվեստի տվյալ ձևին հատուկ միջոցներով: Կ. q-ի բնույթը կապված է գեղարվեստական մեթոդի և ուղղության հետ: Ռեալիստական Կ. գ. ամենից ավելի մոտ է արտացոլվող կյանքին: Մյուս գեղարվեստական մեթոդներով (կլասիցիզմ, ռոմանտիզմ, նատուրալիզմ ևն) ստեղծած կերպարները մեծ մասամբ միակողմանի են և հաճախ չեն համապատասխանում շրջապատող կենսական միջավայրին: Կ. գներն իրենց բնույթով լինում են դրական և բացասական, գլխավոր և երկրորդական: Կ. գ-ի համար կան նաև մի շարք այլ տերմիններ՝ գործող անձ, բնավորություն, հերոս, տիպական բնավորություն, տիպ ևն:

Է. Ջրբաշյան