Jump to content

ՀՍՀ/ԿԻԵՐԿԵԳՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԵՐԿԵԳՈՐ, Կիրկեգոր (Kierkegaard), Սյորեն (1813—1855), դանիացի իդեալիստ փիլիսոփա, աստվածաբան, էկզիստենցիալիզի ռահվիրա: Կոպենհագենի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն: Կ-ի հայացքները ձևավորվել են գերմ. ռոմանտիզմի ազդեցությամբ, նրանց բնորոշ է հակառացիոնալիստական դիրքորոշումը հեգելյան փիլ-յան նկատմամբ: Ուսմունքը շարադրել է «Կամ—կամ» (1843), «Սարսափի հասկացությունը» (1844), «Մահվան հիվանդություն» (1849) և այլ երկերում: Քննադատել է անձնավորության հեգելյան ըմբռնումը՝ գտնելով, որ այն զրկված է ինքնուրույնությունից և ազատությունից: Մինչդեռ, ըստ Կ-ի, կարևորը մարդու իրական գոյությունն է, մարդու էկզիստենցիան՝ ամեն տեսակ արտաքին (հասարակական, բնական) կապերից մաքրված անձնական, անհատական կյանքը: Այսպիսի մոտեցմամբ նա առանձնացրել է անձնավորության գոյության գեղագիտական, բարոյագիտական, կրոնական եղանակները, որոնք պայմանավորում են մարդու հոգե-բարոյական լինելությունը, և որոնց ընթացքում մարդը հանգում է իր անձնավորության կրոնական նշանակության գիտակցմանը: Կ-ի երկերը, որոնք աչքի են ընկնում ոճի պարզությամբ, հղկվածությամբ, հաճախ նաև գեղարվեստականությամբ, նպաստել են դանիական գրականության զարգացմանը: Նրա իմաստասիրելու ոճը օրինակ է ծառայել բուրժ. փիլիսոփայության իռացիոնալիստական հոսանքների համար: