ՀՍՀ/ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է XII դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև XIV դարի 80-ական թթ.: Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով: Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը: XII դ. 1-ին կեսից մինչև XIV դ. 50-ական թթ. Դրազարկի, Սկևռայի, Ակների, Գռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կոտանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսլինը, Գոիգոր Պիծակը, Սաոգիս Պիծակը և ուրիշներ: Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել: Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, 1113 թ. և XII դ. սկիզբ, ձեռ. 6763 և 7737) և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին (օրինակ, 1166-ի Ավետարան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 7347): Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արլ. սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար: Ստեղծված պատմա-քաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար: Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները, օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) գեղարվեստական նվաճումներ՝ Կիլիկիայում ստեղծվել է գրքարվեստի առանձնահատուկ մի ոճ, որին բնորոշ են նրբագեղ, պլաստիկ ձևերն ու գունային հարուստ համադրությունները: Ճոխ պատկերազարդված խորանները կորցրել են իրենց դեկորատիվ-ճարտարապետական բնույթը: Անվանաթերթերի հորինվածքները առավել հավասարակշռված բնույթ են ստացել: Կիլիկյան պատկերագրությունը, հիմնականում մնալով կանոնիկ համակարգերի շրջանակներում, հաճախ դուրս է եկել միջնադարյան պատկերագրության սահմանափակումներից: XII դ. 2-րդ կեսից Սկևռան դարձել է Կիլիկյան մանրանկարչության կենտրոններից մեկը, որտեղ կազմակերպվել են նոր ոճի հիմնական սկզբունքները: Մեզ հայտնի են Սկևռայի երեք մանրանկարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին: Սրանց ստեղծագործություններով նոր փուլ է սկսվում կիլիկյան մանրանկարչությունում: XII դ. 2-րդ կեսից Սկևռայում ձևավորվել են կիլիկյան գրքարվեստի հիմնական սկզբունքները: Դրանք որոշակի դրսևորվել են 1173-ին Գրիգոր Մխճեցու պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 1568): Անվանաթերթի նուրբ ծաղկազարդումներից բացի մանրանկարիչը ստեղծել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար: Այս առումով 1173-ի «Նարեկը» առանձեակի տեղ է գրավում ողջ հայկ. մանրանկարչությունում: XII դ. վերջին տասնամյակի Կ. մ. դ. բնութագրող հուշարձաններից են նաև 1193-ին Կոստանդինի պատկերազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N 1635) և 1197-ին Գրիգոր Մխճեցու ծաղկած «Սկևռայի Ավետարանը» («Լվովի Ավետարան»): Եթե 1173-ի «Նարեկի» ֆիգուրատիվ պատկերներում դեռ առկա են նախորդ շրջանին բնորոշ վերապրուկները, ապա նոր ոճը առավել ցայտուն է արտահայտվել 1193-ի և 1197-ի ձեռագրերում: XIII դ. 1-ին կեսին կիլիկյան մանրանկարչության զարգացումը կարճատև դադար է ապրել: Հեթում Ա-ի թագավորության շրջանում Կիլիկիայում մշակույթի զարգացման համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: XIII դ. 2-րդ կեսին Կիլիկիայի մանրանկարչությունը հասել է ծաղկման ամենաբարձր փուլին: Լայն գործունեություն են ծավալել Ակների, Դռների ու Բարձրբերդի գրչատները: Այդ վանքերի բարգավաճումը ակամա կապվում է Հովհաննես Արքաեղբոր անվան հետ: Լինելով շնորհալի գրիչ՝ նա հաճախ ինքն է արտագրել (գուցե և պատկերազարդել) ձեռագրերը (1266-ի «Մասունք Աստվածաշնչի», ձեռ. 4243, 1270-ի Աստվածաշունչ, ձեռ. 345, երկուսն էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, 1278-ի «Գիրք Սողոմոնի», Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 376 են), որոնց մանրանկարները գրքի ձևավորման յուրահատուկ սկզբունքներով են կատարված, հակառակ մինչ այդ եղած սովորությունների, երբ ձեռագրերը զարդարվում էին խորաններով ու տերունական պատկերներով: Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները: Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուզնդական մանրանկարչության հետ: Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»: Հռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել XII դ. 60-ական թթ.: Այնտեղ պատկերազարդված հնագույն մատյանը 1166-ի Ավետարանն է (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 7347), որը բնութագրվում է որպես նոր շրջանի անցման հուշարձան: Հոոմկլան կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոնն է դարձել XIII դ. 2-րդ կեսին: Այս փայլուն շրջանը կապված է կաթողիկոս Կոտոանդին և Բարձրբերդցու անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին: Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչևգրիչ Կիրակոսով: Նրա պատկերազարդած ձեռագրերը (1244-ի, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 151, 1248-ի, Անթիլիասի, 1249-ի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 7690 ավետարանները) վկայում են կիլիկյան մանրանկարչության մեծ առաջընթացը: Հռոմկլայի գրքարվեստը բնութագրող հաջորդ հուշարձանը 1253-ին Հովհաննեսի պատկերազարդած ձեռագիրն է (Վաշինգտոն, Ֆրիրի պատկերասրահ): Հովհաննեսը և Կիրակոսն են եղել XIII դ. 40—60-ական թթ. կիլիկյան մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչները: Այդ ժամանակ էլ հոդ է նախապատրաստվել XIII դ. 2-րդ կեսի նշանավոր մանրանկարիչների համար, երբ մի շարք անհայտ վարպետների աշխատանքներում (Վաշինգտոն, Ֆրիրի պատկերասրահ, XIII դ. 2-րդ կեսի 3218«Ավետարանը», 1253-ի «Վասակ իշխանի Ավետարանը», 1272-ի «Կեռան թագուհու Ավետարանը», Երկուսն էլ՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում, ձեռ. NN 2568, 2563, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, XIII դ. 2-րդ կեսի ձեռ. 9422 և 7651 ավետարանները, 1286-ի «Հեթում Բ թագավորի ճաշոցը», ձեռ. N 979 են) և, հատկապես, Թորոս Ռոսլինի պատկերազարդած մատյաններում հայկական մանրանկարչությունը հասել է իր բարձրակետին: Այս շրջանում փոխվել է նաև կիլիկյան ձեռագրերի ձևավորման բնույթը: Մինչ այդ ձեռագրերի հարդարանքը սահմանափակվում էր ճոխ զարդարված խորաններով և ավետարանիչների պատկերներով: XIII դ. 2-րդ կեսից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում: Հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնիկ սկզբունքները (բյուզնդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նրրույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավորմանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում: Բնորոշ են դարձել նրբագեղ ձևերը: Բարձր զարգացման է հասել զարդանկարչությունը: Բարդ հյուսվածքավոր զարդապատկերներն ու բուսական մոտիվները հաճախ միահյուսվել են ֆանտաստիկ կերպարներին, թռչուններին ու մարդկային ֆիգուրներին: Գծանկարը դարձել է պարզ ու արտահայտիչ, գունաշարին հաղորդվել նուրբ համադրումներ: Կիլիկյան մանրանկարչության ծաղկուն շրջանում առկա է ոճական երկու հոսանք: Առաջինը՝ գեղանկարչության ազատ ոճը, երբ մանրանկարիչը անկաշկանդ վերաբերմունք ունի պատկերագրական սխեմաների նկատմամբ, համարձակ է կատարողական տեխնիկայի և գույների ընտրության բնագավառում (Վաշինգտոն, Ֆրիրի պատկերասրահ, ձեռ. 3218, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 7651 Ավետարանները, Թորոս Ռոսլինի պատկերազարդած ձեռագրերը): Որոշ մանրանկարիչներ (Թորոս Ռոսլին) ընդգծում են պատկերվող երևույթի ու պերսոնաժների ներքին հոգեբանական կողմը: Մյուսը համեմատաբար գրաֆիկական ոճն է (Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանք, ձեռ. HM 2568 և 2563, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, 9422, 180, 979), որը ավելի տարածում է գտել XIII դ. վերջին քառորդում և պատկերագրական ձևերի նկատմամբ ունեցած պահպանողական վերաբերմունքի հետ հիմք էր հետագա շրջանի համար: 1375-ին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց: Ստեղծված հասարակական-քաղաքական ճգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին: Չնայած դրան, XIV դ. կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել: Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցագարդերով, այնուամենայնիվ, գրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը: XIV դ. կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Սարգիս Պիծակը: Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերջնակետը: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը: Երկրից հեռացել են նաև մանրանկարիչ վարպետները: Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր): Պատկերազարդումները տես 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII, և 400-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Հովսեփյան Գ., Կոստանդին և կաթողիկոս, տես նրա «Նյութեր և ոաումնասիրություններ հայ արվեստիևմշակույթի պատմության», պրակ 2, Նյու Յորք, 1943: Դուռնովո Լ. Ա., Հին հայկական մանրանկարչություն (ալբոմ), Ե., 1952: Նույնի, Հայկական մանրանկարչություն (ալբոմ), Ե., 1967: Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրանկարչությանն XII—XIII դդ., Ե., 1964: Ղազարյան Վ. Հ., Սարգիս Պիծակ, տես «Հայ մշակույթի նշանավոր գործիչներ» ժողովածու, Ե., 1976: Дрампян Р. Г., Из истории армянской миниатюры Х III—XIV вв., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1948, 5 Дурново Л.А., Краткая история древнеармянской живописи, Е., 1957 D ег N ег sessian Տ.j Manuscripts armeniens illust res des XII, XIII et XIV siecles de la Bibliotheque des Peres Mekhitaristes de Venise, P., 1937 Նույնի, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, W., 1963 Նույնի, The Armenians, L., 1969 Armenien Manuscripts in the Walters Art Gallery, Baltimore, 1973 Նույնի, LArt Armenien, P., 1977.
Լ. Ազարյան
