ՀՍՀ/ԿԻՆՈԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ
ԿԻՆՈԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ, ստեղծագործության գրական-կինեմատոգրաֆիական տեսակ: Կ-ի ստեղծագործությունը սցենարս է՝ կինոնկարի գրական և գաղափարագեղարվեստական հիմքը: Ձևավորվելով կինոարվեստի արտահայտչական հնարավորությունների զարգացմանը համեմատ՝ Կ. միաժամանակ ունի գրական պատկերավորության միջոցներ: Կ-ի բնույթի երկակիությունը՝ գրական ու կինեմատոգրաֆիական, առաջացնում է սցենարի 2 տեսակ՝ կինոնկարի հիմքը ներկայացնող, ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեցող գրական ստեղծագործություն և գրական նյութ, որտեղ տրված է ապագա կինոնկարի բովանդակությունն ու կառուցվածքը հաղորդող մտահղացման շարադրանքը: Կինոդրամատուրգներն անմիջականորեն դիմում են կյանքի իրադարձությունների պատկերմանը, օգտագործելով կինոյի, ինչպես նաև գրականության տարբեր տեսակների արտահայտչական միջոցները, որպես հիմք վերցնում են գրական ստեղծագործությունը՝ այն հարմարեցնելով էկրանին: Սցենարի նյութի բնույթն ու շարադրման ձևերը կինոյի պատմության տարբեր փուլերում տարբեր են և արտացոլում են դրամատուրգների ստեղծագործության անհատական առանձնահատկությունները: Եթե XX դ. 2-րդ տասնամյակի «համր» կինոյում գրական սյուժեներն ու գործող անձինք մեծ մասամբ վերցվում էին գրական ստեղծագործություններից, ապա 20-ական թթ. վերջերին Կ. մշակում է իր ձևերը, որոնք այս կամ այն չափով զուգակցում են արձակի և դրամայի առանձնահատկություններն ու հնարավորությունները: 30-ական թթ. նախապատվությունը տրվել է դրամատուրգիային, որտեղ գործողությունները չափազանց կենտրոնացած են, դրամատիկական կոնֆլիկտը՝ լարված: Սցենարական նյութի կազմակերպման նման եղանակը համարվեց կ-ի հիմնական օրենքը: Հնչյունի կինո մտնելով մեծ նշանակություն է ստացել հնչյունային խոսքը: Կինոարվեստի հնարավորությունների հետագա ընդլայնումը կ-ին թույլ տվեց ավելի խորը ուսումնասիրել կյանքը, այն վերարտադրել առավել բազմաձևությամբ ու բարդությամբ, դա հանգեցրեց Կ-ի գեղագիտական նորմաների փոփոխման: Սցենարի ձևը դարձավ ավելի ազատ, բազմազան: Կ-ի ժանրերը, որ համեմատաբար հստակորեն էին սահմանազատվում կինոյի զարգացման վաղ շրջանում (արկածալին, կատակերգություն, մելոդրամա ևն), դառնում են սակավ որոշակի, հաճախ փոխներթափանցում են ժամանակակից Կ-ի ստեղծագործության մեջ: Կինոարվեստի զարգացման վրա էական ազդեցություն թողած սովետական և արտասահմանյան Կ-ի լավագույն ստեղծագործություններից են Ա. Կապլերի «Լենինը Հոկտեմբերին» և «Լենինը 1918 թվին», Ե. Գաբրիելովիչի «Կոմունիստը», Վ. Եժո-վի «Բալլադ զինվորի մասին», Ռ. Քլերի «Փարիզի կտուրների տակ» (Ֆրանսիա), 0. Ուելլսի «Քաղաքացի Քեյնը» (ԱՄՆ), Չ. Զավատինի «Հեծանիվ հափշտակողները» (Իտալիա) և այլն: Հայկ. Կ-ի ուշագրավ գործերից են «Պեպո»ն (սցենարը՝ Հ. Բեկնազարյանի), «Բարև, ես եմ»ը (սցենարը՝ Ա. Աղաբաբովի), «Եռանկյունի»ն (սցենարը՝ Ա. Այվազյանի):
