ՀՍՀ/ԿԻՆՈՆԿԱՐ
ԿԻՆՈՆԿԱՐ, ֆիլմ (անգլ. film—կինոժապավեն), կինոստեղծագործություն՝ ժապավենի վրա վերարտադրված, միասնական սյուժեով կապված լուսանկարչական պատկերների (կադրերի) միագումարը, որ նախատեսված է էկրանին ցուցադրելու համար: Փոխարինվում է նաև կինոֆիլմ տերմինով, օգտագործվելով ավելի նեղ իմաստով՝ որպես ցուցադրելու համար նախատեսված ժապավեն, Կ-ի պատճեն: Արդի կինեմատոգրաֆիայում տարբերակում են Կ-ի հետևյալ հիմնական տարատեսակները՝ գեղարվեստական (խաղարկային), հեռոնստաֆիլմեր, մուլտիպլիկացիոն (տես Մովտիպլիկացիոն կինո), փաստա-վավերագրական կինո, գիտական (տես Գիտահանրամատչելի կինոնկար), ուսումնական (տես Ուսումնական կինո), սիրողական: Ստորաբաժանվում են նաև ըստժանրային-թեմատիկ հատկանիշների (պատմական, կատակերգական, արկածային ևն), ըստ կինոնկարահանման և ցուցադրման (համր, հնչուն, սև-սպիտակ, գունավոր, լայնէկրան, լայնֆորմատ, համայնապատկերային, շրջապատկերային, ստերեոսկոպիկ ևն), ըստ տևողության (լիամետրաժ, կարճամետրաժ ևն): Հատուկ նշանակության ֆիլմերից են միկրոֆիլմերը, ռեկլամային ֆիլմերը ևն: Կ-ների մեծամասնությունը ստեղծվում է մասնագիտացված կինոստուդիաներում՝ ստեղծագործական և տեխ. կոլեկտիվների ուժերով, բեմադրող ռեժիսորի ղեկավարությամբ՝ կիրառելով կինոտեխնիկայի բազմազան միջոցներ: Նկարված, մոնտաժված, հնչունավորված Կ-ները բազմացվում են հատուկ ֆաբրիկաներում, պատճենները հանձնվում կինովարձույթի հիմնարկներ, որոնք տնօրինում են ցուցադրումն ու պահպանումը:
