ՀՍՀ/ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ
ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ, որոշակի ժամանակահատվածներում կինոժապավենի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինոկադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են կինոնկարի ստեղծման համար: Կ. ա-ի օպտիկական մասը (նկ. 1) բաղկացած է նկարահանման օբյեկտիվից (1) և դիտոցային համակարգից: Հայելային Կ. ա-ում լույսի ճառագայթները հայելիով (4) և հայելային փականով (2) ուղղվում են դիտոց-խոշորացույցի (5) վրա, որի միջոցով դիտվող պատկերը ստացվում է կոլեկտիվ ոսպնյակի (3) հարթ փայլատ մակերևույթի վրա: Կ. ա. կարող է ունենալ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամրացված) կամ տարբեր կիզակետային հեռավորություններով փոխովի օբյեկտիվների հավաքածու: Կ. ա-ի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխանիզմից, հաղորդակից և փականից: Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, Կ. ա-ները լինում են ձեռքի և ստացիոնար: Տարբերում են նա և սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սիրողական և հատուկ Կ. ա-ներ:
