Jump to content

ՀՍՀ/ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԴԵՏԵԿՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԴԵՏԵԿՏՈՐ, կիսահաղորդչային սարք, որը մոդուլված բարձրահաճախային տատանումները փոխակերպում է ցածր հաճախականության լսելի կամ տեսանելի ազդանշանի: Ըստ մոդուլման եղանակի ամենագործածականը ամպլիտուդային Կ. դ. է, որը բաղկացած է ոչ գծային տարրից և բեռից: Իբրև ոչ գծային տարր կիրառվում է կիսահաղորդչային դիոդ կամ տրանզիստոր: Ավելի լայն տարածում ունեն դիոդային կ. դ-ները, որոնք լավ են աշխատում մուտքի մեծ ազդանշանների դեպքում և համեմատաբար փոքր ոչ գծային աղավաղումներ են առաջացնում: Լամպային դետեկտորի համեմատությամբ (տես Դետեկտորներ էլեկտրամագնիսական տատանումներ) Կ. դ-ի էական թերությունը հակադարձ դիմադրության վերջավոր մեծությունն է: Դա ազդում է սխեմայի պարամետրերի վրա, սահմանափակում մուտքի ազդանշանի ամպլիտուդի թույլատրելի մեծությունը: Տրանզիստորային Կ. դ-ի առավելությունը ազդանշանի ուժեղացման հնարավորությունն է (դետեկտմանը զուգընթաց):

Ռ. Ղազարյան