ՀՍՀ/ԿԻՍԿԻՄ
ԿԻՍԿԻՄ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Ճորոխ գետի միջին հովտում: Ընդգրկում էր նախկին Բերդագրակ գավառակի տարածքը: Ուներ մոտ 20 գյուղ: Կենտրոնն էր Կիսկիմ գյուղը (ճորոխի աջ ափին), որը հիշատակվում է XVI դ. սկզբին (1512) որպես ենթակա Սպերի իշխանին: XX դ. սկզբին բնակչության մեծ մասը հայ-մահմեդականներ էին (բռնի մահմեդականացած XVIII դ. վերջում), կային նաև հայ քրիստոնյաներ (հիմնականում՝ Կարմիրք, Կուդրաշեն, Մոխրկուտ գյուղերում): XIX դ. և XX դ. սկզբին տնտեսության հիմնական ճյուղերը այգեգործությունը, խաղողագործությունը, մեղվաբուծությունը և անասնապահությունն էին: Կ-ի քրիստոնյա հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
Գրկ. Տաշյան Հ., Հայ բնակչությունը Սև ծովեն մինչս Կարին, Վնն., 1921: Նույնի, Հայք, Դրացիք և Խոտորջուր, «ՀԱ», 1972, 10-12: Ռ. Մաթևոսյան
