ՀՍՀ/ԿԻՐԳԻԶՆԵՐ
ԿԻՐԳԻԶՆԵՐ, ղըրղըգներ, ազգ, Կիրգիզական ՍՍՀ հիմնական բնակչությունը: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում՝ 1 մլն 452 հզ., Կիրգիզական ՍՍՀ-ում՝ 1 մլն 285 հզ. (1970): Բնակվում են նաև Ուզբեկական, Տաջիկական, Ղազախական ՍՍՀ-ներում, քիչ քանակությամբ՝ ՉԺՀ-ում և Աֆղանստանի հս-արլ-ում: Պատկանում են մոնղոլոիդ ռասայի հվ-սիբիրական տիպին: Խոսում են կիրգիզերեն: "Հավատացյալները սուննի դավանանքի մահմեդականներ են: Սովետական գիտնականների կարծիքով Կի կորիզը կամ նրանց կազմի մեջ մտած հիմնական տարրերից մեկն ունի կենտրոնական ասիական ծագում: Կ-ի վադ շրջանի էթնիկական պատմությունը կապված է հոների, դինլինների, սակերի և ուսունների ցեղային միավորումների հետ: Հետագայում Կ-ի կազմի մեջ մտան VI— X դդ. Սայանո-Ալթայան Մերձիրտիշյան, Արևելյան Տյան-Շանի թյուրքալեզու բնակչության միջավայրում ձևավորված, ինչպես նաև Յոթնագետքի ու Մավերան-նահրի թյուրքալեզու ցեղեր (կարլուկներ, ույգուրներ), ապա՝ մոնղոլական, իսկ XVI— XVII դդ. ղազախա-նողայական ցեղերի մի մասը: XIX դ. 1-ին կեսին Կ. Կոկանղի խանության տիրապետության տակ էին, իսկ XIX դ. 60—70 ական թթ. նրանց բնակեցրած տարածքի մեծ մասը մտավ ռուս, կայսրության կազմի մեջ: Անցյալում Կ. զբաղվում էին հիմնականում արտագնաց անասնապահությամբ, մասամբ՝ երկրագործությամբ. Սովետական իշխանության տարիներին Կ. ստեղծեցին իրենց պետականությունը, ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, անցան նստակեցության, զարգացավ հողագործությունը: Նրանց զգալի մասն աշխատում է արդյունաբերության մեջ: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Կիրգիզական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում:
