ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ, Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1933-ին, Ալավերդու կարբիդի արտադրության բազայի վրա: 1915-ին ինժեներ Հ. Մելիք-Հայկազյանը, պրոֆ. Ս. Ղամբարյանի օգնությամբ, Ալավերդում կազմակերպեց կարբիդի արտադրություն: Սովետական իշխանության տարիներին որոշվեց կարբիդի արտադրությունը փոխադրել Կիրովական. կառուցվեց Կ. ք. գ.: Առաջին արտադրանքը թողարկվել է 1933-ին, սերիականը՝ 1934-ին՝ կիր, կարբիդ, էլեկտրոդային զանգված, ցիանամիդ, թթվածին: Արտադրում է ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, կարբիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, դիցիանդիամիդ, մելամին, ցիանուրաթթու (1977): Ամոնիակը և կորունդ-ռուբին—10-ը ունեն որակի պետ. նշան: Հիմնական արտադրամասերն են՝ ամոնիակի, ազոտական թթվի, ամոնիակային բորակի, սինթեզի, կարբամիդի, դիցիանդիամիդի, մելամինի, ցիանուրաթթվի, կրի, կարբիդի, ցիանամիդի: Գործարանի արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում, ինչպես նաև առաքվում արտասահմանյան 16 երկիր: 1973-ին և 1977-ին ՍՍՀՄ ԺՏՆՑ ներկայացված ռադիացիոն կոնվեկտիվ օդատաքացուցիչը և արհեստական սուտակը արժանացել են արծաթե ու բրոնզե մեդալների: Գործարանը գիտահետազոտական կապերի մեջ է Ազոտային արդյունաբերության պետ. ԳՀԻ-ի և նրա մասնաճյուղերի, Մոսկվայի քիմ. մեքենաշինության, ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի, Խարկովի մոնոբյուրեղային համամիութենական ԳՀԻ-ների հետ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1979):
