ՀՍՀ/ԿԻՐՔ
ԿԻՐՔ, ուժեղ, կայուն և երկարատև զգացմունք, որն ընդգրկում է անձին ամբողջությամբ և մղում նրան որևէ գերկարևոր նպատակի: Կ-ի հիմնական հատկանիշը գործուն բնույթն է, որը հիմնվում է հուզական և կամային պահերի միասնության վրա, հնարավորություն տալիս հաղթահարել թույլ մոտիվացիայի դեպքում ոչ մատչելի թվացող ներքին և արտաքին արգելքները: Մեծ ինտենսիվության Կ. կարող է խախտե ինքնատիրապետումը, որի հետևանքով հակասություն է առաջանում Կ-ի և բանականության, մանավանդ Կ-ի և ինքնագիտակցության միջև: Այս հակասությունը հաճախ գիտակցված է և հիմք է դառնում Կ-ի էության տարբեր մեկնաբանությունների և գնահատականների համար: Երբ Կ-ի օբյեկտը (նպատակը) սևեռուն գաղափարի ձև է ընդունում, անձի ընկալման ոլորտը նեղանում է, երևակայության աշխատանքը կենտրոնանում մեկ ուղղությամբ, հոգեկան կյանքը դառնում միակողմանի, մերժվում են խելամիտ առարկություններն ու այլ արժեքների գոյության մասին ցուցումները: Այսպիսի գերուժեղ Կ. կարող է պարպվել հմպուլսային և «իռացիոնալ» գործողություններում (օրինակ՝ Կ-ի աստիճանի հասած խանդի ազդեցությամբ կատարվող հանցագործ արարքը): Կոնկրետ Կ-ի հոգեբանական բովանդակությունը, նշանակում է պարզել օբյեկտը (նպատակը), նրա հիմքում ընկած պահանջմունքները, դրանց գիտակցված կամ ոչ գիտակցված լինելը: Կ-ի ներքին դրդապատճառները կարող են լինել կոնցեպտուալիզացված, վերբալիզացված և գիտակցված (օրինակ՝ կրքոտ հայրենասիրություն, գաղափարական խոր համոզվածություն) կամ չգիտակցված (օրինակ՝ մոր նկատմամբ փոքր երեխայի սերը): Կ. իր հերթին կարող է դառնալ դրդապատճառ՝ շարժման մեջ դնելով մարդու պահեստային ուժերը՝ հիմնական և բարձր արժեք ներկայացնող նպատակ ձեռք բերելու համար: Կ. պսասիվ չէ, այն միշտ մղում է իր օբյեկտը նվաճելուն, հաստատելուն կամ ոչնչացնելուն:
Գրկ. Спиноза Б., Избр. произв., т. 1,М., 1957 Рубинштейн С. Л., Основы общей психологии, 2 изд., М., 1946 Шибутани Т., Социальная психология,М., 1969.
Ա. Նալչաջյան
