ՀՍՀ/ԿՅԱՆՔԻ ԱՐՄԱՏ
ԿՅԱՆՔԻ ԱՐՄԱՏ, ժենշեն (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդարմատ) (Panax Ginseng), արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս: Ձմեռող օրգանները արմատն ու կոճղարմատն են: Արմատը առանցքային է, թույլ ճյուղավորված, մսալի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն: Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3—5) վարդակով: Տերևները երկարակություն են, բարդ մատնաձև, սղոցաեզր: Ծաղկաբույլը հովանոց է՝ 15—20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկներով: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է: Ծաղկում է հ ուլիս ամսին, պտուղները հասունանում են օգոստոսին: Վայրի Կ. ա. հազվագյուտ, ռելիկտային բույս է: Հանդիպում է ՍՍՀՄ-ում՝ Պրիմորիեի և խաբարովսկի երկրամասերում, Չինաստանում և Կորեայում: Աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում: Վայրի Կ. ա. դանդաղ է աճում և զարգանում: Ապրում է 100 տարի: Արմատի կշիռը 50—400 գ է: Դեղաբույս է: Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միշոց: ՍՍՀՄ-ում Կ. ա. մշակվում է Պրիմորիեում: Կ. ա. արագ է աճում, տալիս է հզոր արմատներ: Կ. ա-ին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը: ՀՍՍՀ-ում արհեստական պայմաններում աճեցնում են Կ. ա.:
