Jump to content

ՀՍՀ/ԿՇՌՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՇՌՈՒՄ, կշեռքով մարմինների զանգվածի որոշում: Կ-ման բարձր ճշգրտությունը ապահովվում է՝ հաշվի առնելով կշեռքի, կշռաքարերի, Կ-ման կիրառվող մեթոդի բոլոր հնարավոր սխալանքները, ինչպես նաև արտաքին պայմանների ազդեցությամբ (աերոստատիկ, էլեկտրական ու մագնիսական ուժեր, օդի ջերմաստիճանի և խոնավության տատանումներ ևն) պայմանավորված սխալանքները: Բարձր ճշգրտություն չպահանջող կշռման դեպքում, սովորաբար, օգտվում են ուղղակի կշռման մեթոդից, մարմնի զանգվածն ընդունվում է հավասար մարմինը հավասարակշռող կշռաքարերի զանգվածների և կշեռքի ցուցմունքի հանրահաշվական գումարին: Այդ դեպքում, կշռման արդյունքը (հավասարաբազուկ կշեռքով կշռելիս) պարունակում է լծակի բազուկների անհավասարության պատճառով պայմանավորված սխալանքը: Ուղղակի կշռման դեպքում առավել բարձր ճշգրտության հասնում են միաբազուկ կշեռքով կշռելիս, որն այդ սխալանքը բացառում է, քանի որ կշռվող մարմինը և դրա հավասարակշռման համար հանվող կշռաքարերը գտնվում են լծակի միևնույն բազուկի վրա: Հավասարաբազուկ կշեռքներով կշռման դեպքում լծակի բազուկների անհավասարության պատճառով առաջացող սխալանքները բացառելու համար կիրառում են ճշգրիտ կշռման մեթոդներ: Տեղակալման մեթոդի (Բորդի մեթոդ) դեպքում մարմինը լծակի մյուս բազուկին դրված տարայի բեռով (մետաղի կտորներ, կոտորուք ևն) հավասարակշռելուց հետո կշեռքից վերցնում են և տեղն այնքան կշռաքար դնում, որ կշեռքը բերվի նախնական հավասարակշռված վիճակին: Կշռվող մարմնի զանգվածը որոշում են կշռաքարերի զանգվածով և կշեռքի ցուցմունքով, որը համապատասխանում է կշռաքարերով չհավասարակշռված զանգվածի մասին: Դ. ի. Մենդելեևի մեթոդով նժարներից մեկին դնում են կշեռքի սահմանային բեռնվածքին համապատասխան կշռաքարեր, իսկ մյուսին՝ կշռաքարերը հավասարակշռող տարայի բեռը: Կշռվող մարմինը դնում են կշռաքարերով նժարի վրա և այդտեղից վերցնում այնքան կշռաքար, որ կշեռքը բերվի նախնական հավասարակշռված դիրքին մոտ դիրքի: Կշռվող մարմնի զանգվածը որոշում են վերցրած կշռաքարերի զանգվածով և կշեռքի ցուցմունքով: Կրկնակի կշռման մեթոդի (Գաուսի մեթոդ) դեպքում երկու անգամ կատարում են մարմնի ուղղակի Կ., ընդ որում մարմնի և կշռաքարերի տեղերը փոխում են: Մարմնի զանգվածը հավասար է՝ M 1 2(M 1 M 2), որտեղ M 1-ը և М 2-ը երկու ուղղակի Կ-ների արդյունքներն են: Ճշգրտությամբ երեք մեթոդներն էլ համարժեք են: Մեթոդի ընտրությունը կախված է կշեռքի կառուցվածքից և Կ-ման պայմաններից: