Jump to content

ՀՍՀ/ԿՈԲՐԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԲՐԱՆԵՐ (Naja), ասպիդների ընտանիքի թունավոր օձերի սեռ: Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Ասիայում: Վտանգի ժամանակ, գրգռված վիճակում, Կ. բարձրացնում են մարմնի առջևի մասը, լայնացնում պարանոցը սկավառակի տեսքով և իրարից հեռացնում առջևի ութ զույգ կողերը: Վերին ծնոտի առջևի մասում են գտնվում թունավոր մեծ ատամները, ետևի մասում՝ 1—3 փոքր ատամները: Հնդկական կոբրան կամ ակնոցավոր օձը (N. naja) Կ-ից ամենահայտնին է, հանդիպում է Հարավային Ասիայում, ՍՍՀՄ-ում՝ Թուրքմենիայի, Ուզբեկստանի հվ-ում և Տաջիկստանի հվ-արմ-ում: Մարմնի երկարությունը 160—180 աէ է, մեջքի կողմում, մարմնի լայնացող մասում ունի ակնոց հիշեցնող կլորավուն բաց գույնի նախշեր (այստեղից էլ՝ «ակնոցավոր օձ» անվանումը): ՍՍՀՄ-ում ապրում են նաև միջին-ասիական Կ. (N. naja oxiana), որոնց մարմնի երկարությունը մինչև 180 մմ է, շատ նման են ակնոցավոր օձերին, սակայն նախշեր չունեն: Ապրում են քարերի, թփերի միջև, կրծողների բներում, լքված շինություններում: Լավ լողում են, կարող են ծառ բարձրանալ: Դնում են 8—45 ձու: Սնվում են երկկենցաղներով, կրծողներով, երբեմն թռչուններով: Ամենախոշորը և ամենաթունավորը թագավորական Կ. են, որոնց մարմնի երկարությունը 4—5,5 և է, ապրում են Հնդկաստանի, Բիրմայի, Հնդկաչինի ջունգլիներում: