Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՄՈԳՈՐՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՄՈԳՈՐՈՎ Անդրեյ Նիէոլաևիչ, ծն. 12(25).4.1903, Տամբով, սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963): Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1925): Գիտ. գործունեությունը սկսել է իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության բնագավառում, ուր հիմնարար աշխատանքներ ունի եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի, չափի, բազմությունների, ինտեգրալի, ֆունկցիաների մոտարկումների տեսությունների վերաբերյալ: Հետագայում զգալի ավանդ է ներդրել կոնստրուկտիվ տրամաբանության, մեխանիկայի (տուրբուլենտության տեսություն), դիֆերենցիալ հավասարումների տեսության, ֆունկցիոնալ անալիզի մշակման գործում: Մեծ արժեք ունեն Կ-ի աշխատանքները հավանականությունների տեսության բնագավառում, ուր նա Ա. Խինչինի հետ (1925-ից) սկսել է կիրառել իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության մեթոդները: Այդ նրան հնարավորություն է տվել լուծել մի շարք պրոբլեմներ և կառուցել հավանականությունների տեսության աքսիոմատիկ հիմնավորման համակարգը (1933), հիմնադրել է անընդհատ ժամանակով մարկով-յան պատահական պրոցեսների տեսությունը: Ավելի ուշ Կ. զարգացրել է ստացիոնար պատահական պրոցեսների, ստացիոնար աճերով և ճյուղավորվող պրոցեսների տեսությունները: Մեծ ավանդ ունի ինֆորմացիայի տեսության զարգացման գործում: Փարիզի ԳԱ, Լոնդոնի Թագավորական ընկերության և արտասահմանյան մի շարք ար ակադեմիաների անդամ է: ՍՍՀՄ պետական (1941) և լենինյան (1965) մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով:

Գրկ. Гнедеико Б.В., А,Н. Колмогоров, «Успехи математических наук», 1973, т. 23, в. 5 (ունի մատենագիտություն):