Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՐԻՏ (իտալ. colorito, լատ. color—գույն, երանգ), գուներանգ, կերպարվեստում (առավելաբար գեղանկարչության մեջ) իրականության գունային բազմազանությունը գեղագիտորեն վերակերպավորող գունահարաբերումների համակարգ: Գեղագիտական-հուզական արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, գեղարվեստական կերպարի բաղադրիչներից մեկը: Կ-ի բնույթն առնչվում է ստեղծագործության ընդհանուր գաղափարին և բովանդակությանը, ժամանակաշրջանին, արվեստագետի ոճին ու անհատականությանը: Պատմականորեն ձևավորվել են կոլորիստական երկու միտում: Առաջինը կապված է քանակասլես սահմանափակ լոկալ գույների համակարգի, հաճախ նաև գույնը սիմվոլիկ նշանակությամբ կիրառելու հետ (օրինակ՝ միջնադարյան արվեստում): Երկրորդի համար բնորոշ է աշխարհի, տարածության և լույսի գունային պատկերը լրիվ հաղորդելու ձգտումը, առնի, վալյորի, ռեֆլեքսի կիրառումը: Ըստ գունահարաբերումների բնույթի Կ. լինում է հանգիստ կամ լարված, սառը (կապույտ, կանաչ, մանուշակագույն տոների գերակշռության դեպքում) կամ տաք (կարմիր, դեղին, նարնջագույն տոների գերակշռության դեպքում), լուսավոր կամ մուգ, իսկ գույնի հագեցվածությամբ և ուժգնությամբ՝ վառ, զուսպ, խամրած ևն: Յուրաքանչյուր ստեղծագործությունում Կ. ձևավորվում է ներդաշնակության, լրացման և հակադրության օրենքներին համապատասխան՝ գույների անկրկնելի ու բարդ փոխհարաբերության շնորհիվ: Քանդակագործության և ճարտարապետության մեջ գունահարաբերումների համակարգը սովորաբար անվանում են բազմագունություն (պոլիքրոմիա):