ՀՍՀ/ԿՈԽ
ԿՈԽ, հայկական ազգային ըմբշամարտ: Ռազմա-ֆիզիկական դաստիարակության համակարգում կիրառված մենամարտի տարատեսակ: Կազմել է նաև ազգային տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ հավաքույթների անբաժան մասը: Հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի ևն: Դեռևս միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել հատուկ տեղեր, որոնք կոչվել են զուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ: Մրցումները կազմակերպել և անցկացրել են հատուկ անձինք (մարտադիրներ, գուպարադիրներ, մարտուսույցներ): Ըմբիշներից հայտնի են Սադուն Արծրունին (XIII դ.), Հակոբ Ջուղայեցին (XVII դ.), Սիմոն փեհլիվունը, Գազիկը ևն: Սովետական Հայաստանում կազմվել է Կ-ի մրցումների կանոնադրություն: 1922-ից սկսած ՀՍՍՀ-ում անցկացվում են Կ-ի մրցումներ պատանիների, երիտասարդների և մեծահասակների միջև՝ համապատասխան քաշային կարգերով: Մրցումն անցկացվում է 9 X 9 մ հատուկ գորգի վրա, երաժշտության ներքո: Այն սկսվում է պարով (1 րոպե), ապա մրցավարի սուլոցից հետո սկսվում է գոտեմարտը, տևում 6—8 րոպե: Կ. կարող է ավարտվել մաքուր հաղթանակով, կամ հաշվի են առնվում վաստակած միավորները: Հանրապետական առաջնության մրցումներում երեք տարի անրնդմեջ հաղթողը դառնում է սպորտի վարպետ:
