ՀՍՀ/ԿՈԿԵՐ
ԿՈԿԵՐ (հուն,— հատիկ), գնդաձև բակտերիաներ, որոնց տրամագիծը 0,5—2 մկմ է: Անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում, բազմանում են լայնությամբ կիսվելով: Կ-ին են պատկանում միկրոկոկերը, ստրեպտոկոկերը, ստաֆիլակոկերը, դիպլոկոկերը, սարցինները: Լինում են շղթայաձև, զույգ-զույգ, խառը կամ խորանարդաձև կուտակումներով, ինչպես նաև ձվաձև կամ նշտարաձև: Սննդարար խիտ միջավայրում Կ. գոյացնում են կլոր, հարթ, ուռուցիկ գաղույլներ, որոնք ունենում են սպիտակ, դեղին, կարմիր կամ մոխրագույն գունավորում: Ստրեպտոկոկերը և ստաֆիլակոկերը խմորում են ածխաջրերը, անջատում են պրոտեոլիտիկ ֆերմենտներ, պնեմոկոկերն ունեն միայն սախարոլիտիկ ակտիվություն: Կ. լայնորեն տարածված են բնության մեջ, հողում, օդում, սննդանյութերում: Կաթնաթթվային ստրեպտոկոկերը կիրառվում են կաթի, թթվասերի, մածնի պատրաստման համար: Ախտածին Կ. առաջացնում են մաշկի, լորձաթաղանթի և շարակցական հյուսվածքի թարախային բորբոքումներ, անգինաներ, էնդոկարդիտներ, սննդային թունավորումներ: Տես նաև Բակտերիաներ:
