ՀՍՀ/ԿՈԿՈՍՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ
ԿՈԿՈՍՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ (Cocos nucifera), արմավենիների ընտանիքի բույս: Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ: Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված: Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30 x 20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում): Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները: Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի էնդոսպերմը սկզբում թալիանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն էմուլսիայի, այնուհետև խտանում է և կոշտանում: Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35 յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխ. յուղերի ստացման համար: Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ կոկոսյան կաթը, օգտագործվում է սննդի մեջ: Ծաղկաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի: Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն: Բնափայտը արժեքավոր շինանյութ է: Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում Ֆիլիպիններում, Մալայան արշիպելագի կղզիներում, Մալակա թերակղզում, Հնդկաստանում: Մշակվում է նաև Սև ծովի ափին:
