ՀՍՀ/ԿՈԿՈՐԴ
ԿՈԿՈՐԴ (մարդու), շնչառական համակարգի սկզբնական բաժին, ձայնառաջացման օրգան: Կ. ապահովում է օդի անցումը դեպի շնչափող (տես Շնչառության օրգաններ) և խոչընդոտում վերջինիս մեջ պինդ և հեղուկ նյութեր ընկնելուն: Տեղադրված է պարանոցի առաջային հատվածում, 4—6-րդ պարանոցային ողների մակարդակին: Հիմքը կազմված է աճառներից, մակկոկորդ, վահանաճառ, մատանիաձև և շերեփաձև 2 աճառներ: Կ. բաժանվում է 3 մասի, մուտք կամ նախադուռ, փորոք կամ միջին հատված և ստորին բաժին: Վերին, ավելի լայն մասը միջին փորոքայինից բաժանված է կեղծ ձայնալարերով: Միջին և ստորին հատվածները սահմանազատվում են իսկական ձայնալարերով, որոնց միջև գտնվում է ձայնային ճեղքը: Աճառային հենքի վրա տեղադրված են մկաններ, որոնցից ամենախոշորը՝ մատանիաձևը, միացնելով համանուն աճառները և կծկումների ժամանակ տեղաշարժելով վահանաճառը դեպի ներքև, ձգում է իսկական ձայնալարերը և նեղացնում ձայնաճեղքը: Մյուս մկանները (վահանա-շերեփաձև, ետին և կողմնային մատանիա-շերեփաձև, լայնական և թեքշերեփաձև) կպած են շերեփաձև աճառներին և կծկվելիս լայնացնում են ձայնաճեղքը: Կ. արյուն է ստանում վերին և ստորին կոկորդային զարկերակներից: Նյարդավորվում է թափառող նյարդերի ճյուղերով՝ վերին և ստորին կոկորդային նյարդերով:
