ՀՍՀ/ԿՈԿՑԻԴԻՈԶ
ԿՈԿՑԻԴԻՈԶ, կենդանիների, հազվադեպ՝ նաև մարդկանց հիվանդություն: Հարուցիչը կոկցիդիաներն են (միաբջիջ մակաբույծ կենդանիներ): Մարդկանց Կ. առաջացնում են Isospora belli և Isospora hominis մակաբույծները: Վարակը տեղի է ունենում, երբ սննդի և ջրի հետ օօցիստները ընկնում են մարսողական ուղիները: Յուրաքանչյուր հասուն օօցիստ պարունակում է 8 սպորոզոիտ, որոնք մարդու աղիներում դուրս են գալիս օօցիստից, տեղադրվում էպիթելային բջիջներում, քայքայում այն, առաջացնում բորբոքումներ, հազվադեպ՝ խոցեր: Նկատվում է տենդ (մինչև 39°C), ախորժակի անկում, թուլություն, լուծ: Բուժումը՝ սուլֆանիլա-միդներ և հակապրոտոզոային միջոցներ: Կանխարգելումը՝ հիգիենայի կանոնների պահպանում: Կենդանիներից Կ-ով հիվանդանում են խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ճագարները, շները, գյուղատնտ. թռչունները (հավերը, հնդկահավերը, սագերը, բադերը), քաղցրահամ ջրերի և ծովերի ձկները, ինչպես նաև վայրի կաթնասունները և թռչունները: Տարածված է գրեթե ամենուր, մեծ վնաս է պատճառում հատկապես թռչնաբուծությանը և ճագարաբուծությանը: Աովորաբար Կ. բռնկվում է գարնանըևաշնանը: Վարակի աղբյուրներն են՝ օօցիստներով աղտոտված խոտը, հողը, ցամաքարը, խմելու ջուրը ևն: Բնորոշ նշաններն են՝ ընկճվածություն, ախորժակի անկում, հյուծում, լուծ, երբեմն՝ կաթված, մկանային ցնցում: Հիվանդ կենդանիներին մեկուսացնում են: Բուժական և կանխարգելիչ նպատակով օգտագործում են կոկցիդին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, բարելավում կերակրումը և խնամքը, պահպանում անասնաբուժա-սանիտարական և զոոհիգիենիկ կանոնները:
