ՀՍՀ/ԿՈՄԵԴԻԱ ԴԵԼԼ'ԱՐՏԵ
ԿՈՄԵԴԻԱ ԴԵԼԼ'ԱՐՏԵ’ (Commedia dell arte), դիմակների կատակերգություն, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի ակունքները վաղ միջնադարի առաջավորասիական և դասական միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են: Ձևավորվել է սկսած XIV դ. և իր բարձրագույն ծաղկումն է ապրել XVI— XVII դդ.՝ որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից և Վերածնության դարաշրջանի իտալական կատակերգությունից (կոմեդիա էրուդիտա): Սյուժեների և կերպարների ընդհանուր նկարագրով Կ. դ. ա. մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական դրամատուրգիայի ու թատրոնի վրա (Վ. Շեքսպիր, Մոլիեր, Կ. Գոլդոնի)՝ պահպանելով իր հետքերը մինչև XIX դ. վերջը: Կ. դ. ա. գրական տեքստ չի ունեցել, այլ սյուժետային պատրաստի սխեմաներ՝ տասնյակ տարբերակներով, և անփոփոխ դիմակամպլուաներ, որոնց հիման վրա խաղի կենդանի ընթացքում դերասանները հորինել են խոսքը (հիմնականում չափածո) և բեմական իրադրությունները՝ այդ ամենը զուգորդելով երգի, նվագածության, պարի, կատակային միջնարարների (միմական ինտերմեդիա) և կրկեսային-բուֆոնադային (տես Բուֆոնադ) տեսարանների հետ: Կ. դ. ա-ին հատուկ է եղել կերպարների երգիծական-գրոտեսկային խտացումը, դիմակների որոշակի կազմով ու քանակով: Վերջիններս ունեցել են իրենց մշտական անունները՝ Պանտալոնե (բուրժուա, վաճառական), Կապիտան (զինվորական, ազնվական), Դոկտոր (կեղծ գիտնական), ծառաներ՝ Աոլեկին, Բրիգելլա, Պուլչինեսա, Սկամարուչչա, Տարտալյա ևն: Կ. դ. ա-ի որոշ արտահայտչաձներևբեմադրական եղանակներ օգտագործել են XX դարասկզբի թատերական արվեստի նորարարները (Վ. Մեյերխոլդ, Ա. Թաիրով, Ե. Վախթանգով):
Գրկ. Дживелегов А., Итальянская народная комедия, 2 изд., М., 1962.
Հ. Հովհաննիսյան
