ՀՍՀ/ԿՈՄԵՆՍԿԻ
ԿՈՄԵՆՍԿԻ (Komensky, Comenius) Յան Ամոս (28.3.1592, Նիվնիցե, Հարավային Մորավիա—15.11.1670, Ամստերդամ), չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ: Տարրական կրթությունը ստացել է եղբայրական, ապա՝ լատ. (1608—10) դպրոցներում, այնուհետև՝ Հերբորնի ակադեմիայում և Հայդելբերգի համալսարանում, որտեղ ձեռնամուխ է եղել «Իրերի հանդես» (1614—27) յուրօրինակ հանրագիտարանի և «Ձեխերեն լեզվի գանձարան» (1612—56) բառարանի ստեղծմանը: 1618—21-ին ապրել է Ֆուլնեկում: Կաթոլիկների կողմից հալածանքի ենթարկվելով՝ 1627-ին տեղափոխվել է Լեհաստան (Լեշնո), որտեղ ավարտել է «Դիդակտիկայի չեխերեն տարբերակը (1632), այնուհետև վերամշակել ու թարգմանել է լատիներենի և անվանել «Մեծ դիդակտիկա» (1633—38): Կազմել է «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (1631), «Աստղաբաշխություն» (1632), «Ֆիզիկա» (1633) դասագրքերը, գրել ընտանեկան դաստիարակության մասին պատմության մեջ առաջին՝ «Մայրական դպրոց» (1632) ուղեցույցը: Կ. զբաղվել է պանսոֆիական գաղափարների (ուսուցում բոլորը բոլորին) ուսումնասիրմամբ: 1650-ին հրավիրվել է Հունգարիա դպրոցներ կազմակերպելու, այստեղ ավարտել է «Զննական աշխարհ նկարներով» (1658) առաջին պատկերազարդ դասագիրքը: Տեղափոխվելով Ամստերդամ՝ ավարտել է «Համընդհանուր խորհուրդ մարդկանց գործերի կարգավորման» ծավալուն աշխատությունը (առաջին երկու մասերը հրատարակվել են 1562-ին, ամբողջությամբ աշխատությունը հրատարակվել է 1966-ին, Պրագայում): Կ. ընդունել է իմացության 3 սկզբնաղբյուր՝ զգայություն, բանականություն, հավատ: Աշխարհաճանաչողության և ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն է տվել զգայական ընկալումներին և զննականությանը: Դաստիարակության հիմքում, ըստ Կ-ի, ընկած է բնահարմարության սկզբունքը: Քանի որ մարդը բնության մի մասնիկն է, նա պետք է ենթարկվի բնության ընդհանուր օրենքներին, և մանկավարժական բոլոր միջոցները պետք է լինեն բնականին համապատասխան: Ուսուցման մեջ կարևորել է հաջորդականության, համակարգայնության և մատչելիության սկզբունքը: Պայքարել է սխոլաստիկ կրթության դեմ, մերժել ուսուցման տառահեգական մեթոդը, շարադրել հնչյունային մեթոդը: Առաջարկել է ուսուցման դաս-դասարանային համակարգը: Մշակել է միասնական դպրոցական համակարգը, մայրական դպրոց (մինչև 6 տարեկան՝ դաստիարակություն ընտանիքում, մոր ղեկավարությամբ), 6—12 տարեկանների մայրենի ւեզվի դպրոց, 12—18 տարեկան առավել ընդունակների համար՝ լատինական դպրոց կամ գիմնազիա: Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա ակադեմիա՝ բարձրագույն դպրոց (18—24 տարեկան երիտասարդների համար): Կ-ի տեսությունը դրական ազդեցություն է ունեցել XIX դ. հայ մանկավարժական մտքի զարգացման վրա: Մամուլում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված Կ-ի գործունեությանը և աշխատություններին, թարգմանվել են «Մեծ դիդակտիկայի» առանձին հատվածներ, այն ամբողջապկս առաջին անգամ թարգմանվել է 1962-ին:
Գրկ. Հարությունյան Վ. Խ., Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Ե., 1970: Красновский А. А., Я. А. Коменский, М., 1953.
Վ. Հարությունյան
