Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԻՍԱՐԺԵՎՍԿԱՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԻՍԱՐԺԵՎՍԿԱՅԱ Վերա Ֆեոդորովնա 27.10(8.11).1864, Պետերբուրգ—10(23).2. 1910, Տաշքենդ, ռուս դերասանուհի: Բեմական գործունեությունն սկսել է 1888-ին, Պետերբուրգում, ապա հանդես եկել Նովոչերկասկում, Վիլնյուսում: 1896-ին հրավիրվել է Պեաերբուրգի Ալեքսանդրյան թատրոն, հռչակվել ամենից առաջ Նինա Զարեչնայայի դերակատարմամբ՝ Ա. Չեխովի «ճայը» պիեսում (1896): 1904-ին Պետերբուրգում բացել է սեփական թատրոն, հանդես եկել Մ. Գորկու (Վարվառա Միխայլովնա, «Հովեկներ», Լիգա, «Արևի զավակներ»), Հ. Իբսենի (Նորա, «Նորա») պիեսներում: 1906—07-ին Վ. Մեյերխոլդի հետ սիմվոլիստական պայմանական թատրոն ստեղծելու որոնումները սուր տարաձայնություններ են առաջացրել նրանց միջև (միակ նշանակալից կատարումը եղել է Բեատրիսան Մ. Մետեռլինկի «Քույր Բեատրիսա» պիեսում): Կ. հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Ամերիկա (1908), ապա՝ Ռուսաստանի քաղաքները (1908—1910): Չնայած այդ ելույթների հաջողությանը, ժամանակակից թատրոնի վիճակից դժգոհ՝ Կ. հուսահատություն է ապրել: 1909-ին վճռել է թողնել բեմը և նվիրվել նոր դերասանի դաստիարակման, ստուդիա-դպրոցի միջոցով նոր թատրոն ստեղծելու գործին: Սակայն վախճանվել է հյուրախաղերի ժամանակ: Ս. Ադամյանին կոչել են հայ բեմի Կ.:

Գրկ. . Рыбакова Ю., Коммисаржевская, Л., 1971.