ՀՍՀ/ԿՈՄԻՏԱՍ
ԿՈՄԻՏԱՍ Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, 26.9(8.10).1869, Քյոթահիա (Թուրքիա)—22.10.1935, Փարիզ, հայ կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: 1881-ին որբացած պատանուն բերել են Էջմիածին և ուսման տվել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի կ.երաժշտական ունակության համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը: Սահակ Ամատունու ղեկավարությամբ հիմնովինուսումնասիրել է եկեղեցական երաժշտության տեսականն ու գործնականը, հայկական նոտաներով հեղինակավոր աղբյուրներից գրի առել հնագույն հոգևոր եղանակներ: Ապագա կոչման համար վճռական նշանակություն է ունեցել նրա ամենօրյա շփումը Արարատյան դաշտի գեղջկական երգերին, որոնք նույնպես վաղ հասակից գրի է առել և ուսումնասիրել: Ստեղծագործական փորձերը սկսել է 1890-ական թթ. սկզբից՝ խ. Աբովյանի, Հ. Հովհաննիսյանի, իր կրտսեր դասընկեր Ա. Իսահակյանի և այլոց բանաստեղծություններով երգեր և խմբերգեր, ինչպես նաև գյուղական ու քաղաքային ժողովրդական երգերի դաշնակումներ հորինելով: 1891-ին «Արարատ» ամսագիրը տպագրել է նրա «Ազգային օրհներգ»ը (խոսք՝ ճեմարանի ուսանողս. Թաշճյանի)՝ երկձայն, միաժամանակ նաև եռաձայն ու քառաձայն խմբի համար: 1893-ին ճեմարանն ավարտելով՝ նշանակվել է տեղի երաժշտության ուսուցիչ և խմբավար՝ Մայր տաճարում: 1894-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, նրան շնորհել են VII դ. բանաստեղծ ու երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը, իսկ 1895-ին դարձել է վարդապետ և այնուհետև կոչվել Կոմիտաս վարդապետ: Նույն տարվա աշնանը Թիֆլիսում մի կարճ ժամանակ Մ. Եկմալյանի մոտ հարմոնիա պարապելուց հետո, 1896—99-ին ուսումը շարունակել և ավարտել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում (ուսուցիչների թվում, բացի Ռ. Շմիդտից, եղել են 0. Ֆլայշերը, Հ. Բելլերմանը, Մ. Ֆրիդլենդերը), ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն, նաև հոգեբանություն ու փիլիսոփայություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր, երգեհոն, խմբավարություն: Դարձել է Միջազգային երաժշտական ընկերության (ՄԵԸ) առաջին անդամներից, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդես եկել հայ երաժշտության ուսումնասիրություններով, գերմանացի երգիչներից կազմած քառյակով ցուցադրել ժող. երգերի իր դաշնակումները, աշխատակցել ընկերության հանդեսին: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ և խմբերգեր գերմանացի բանաստեղծների խոսքերով, մշակել ժող. երգեր: Վերադառնալով Էջմիածին՝ եռանդուն շարունակել է գիտական և մանկավարժական աշխատանքը (նշանավոր աշակերտներից են Ա. Մելիքյանը և Հ. Հարությունյանը), խորացել կոմպոզիցիայում, այլ գործերի հետ (գեղջուկ երգերի մշակում ձայնի, երգչախմբի համար, Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանի խոսքերով ստեղծագործություններ) ձեռնարկել է «Անուշ» օպերայի ստեղծմանը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում: 1906-ին ֆրանսիական «Լամուրյո» համերգայինընկերության երգչախմբով հայ ժող. ու հոգևոր երգերն իր մշակումներով, հայոցլեզվով, ցուցադրել է Փարիզում, նույն երգերի մասին Ռ. Ռոլանի «Սոցիալականգիտությունների բարձրագույն դպրոցում» կարդացել դասախոսություն (1907): Համերգներ է տվելևդասախոսել նաև Շվեյ ցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխի-թարյան միաբանությունում: 1910-ին, էջ միածնի վանական միջավայրն իր գործունեության համար նեղ նկատելով, տեղա փոխվել է Կ. Պոլիս, կազմել բազմամարդ «Գուսան» (1912-ից՝ «Հայ գուսան») երգ չախումբը: Մասնագետ երաժիշտներ պատրաստելու նպատակով երաժշտության տեսության առանձին դասեր է տվել երգչախմբի մի շարք մասնակիցների (Բ. Կանաչ յան, Մ. Թումաճան, Վ. Սարգսյան, Վ. Սրվանձտյան, Հ. Սեմերճյան, որոնք հայտնիեն «Կոմիտասյան հինգ սաներ» անունով): Խմբեր է կազմակերպել և համերգներով ուդասախոսություններով, Կ. Պոլսից բացի, հանդես եկել նաև Քյոթահիայում, Բրուսայում, Ադաբազարում, իզմիրում, Արմաշում, Պարտիզակում, Ալեքսանդրի ա-յում ու Կահիրեում: Մամուլում նշվել է Կ-ի արվեստի նշանակությունը ոչ միայնհայերի, այլև Արևելքի այլ ժողովուրդների երաժշտության զարգացման համար: 1913-ին Կ. Պոլսի «Ազատամարտ»ում տպագրել է «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հրապարակախոսական բնույթի փայլուն հոդվածը: 1914-ին Փարիզում հայկ. ժող. և հոգևոր երաժշտության վերաբերյալ մի քանի զեկուցումներով հանդես է եկել ՄԵԸ հերթական կոնգրեսում: Ավստրիական նշանավոր երաժշտագետ է. Վելլեշը Կ-ի երգերին այստեղ ծանոթանալով՝ հետագայում նրան բնութագրել է որպես ներդաշնակության և պոլիֆոնիայի հազվագյուտ վարպետի: Բնակվելով Կ. Պոլսում՝ Կ. մասնակցել է նաև թուրք, մշակութային կյանքին, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կապեր է պահպանել, երգեր հորինել Մեհմետ էմինի խոսքերով, զանազան երաժշտական հանձնաժողովներում բերել իր հեղինակավոր մասնակցությունը, Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել նրա 1915-ի ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել և իր երգչախմբով կատարել է իր ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելություն են գտել: Նույն՝ 1915-ի ապրիլի 24-ին թուրք, կառավարության ձեռնարկած հայկական կոտորածը (տես Մեծ եղեռն) անսպասելիորեն ընդհատեց Կ-ի բեղմնավոր գործունեությունը, եղեռնի տպավորության տակ, ինչպես նաև անձամբ կրելով աքսորի մղձավանջը, նա կորցրեց մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (1919-ից՝ Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում) չապաքինվեց: Հիվանդության առաջին տարիներին զգալի տուժեց նաև նրա ձեռագրային ժառանգությունը, հատկապես ցրիվ եկավ դրա երաժշտագիտական բաժինը, որը բացի ժող. արվեստի ուսումնասիրություններից պարունակում էր նաև հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանությունը: Կ-ի բազմակողմանի գործունեության մեջ սկզբունքորեն առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Կ. իր հավաքած ժող. երգերը հայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապես ավանդական են և ճշմարտացի: Դրանք հավաքված և գրանցված են ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական մոտեցումով: Դրանցում հիանալի պահպանված են նրանց վաղնջական երաժշտական բարեմասնություններն ու ազգային երանգը: Այդ ձայնագրությունները հաստատում են հայ գյուղական երգարվեստի բազմաժանրությունը և առանձին ժանրերի հարստությունը, հիմնովին երևան բերում նրա ազգային ոճն ու լեզուն, նրա արտահայտչամիջոցների՝ ձևերի ու կառուցվածքի, լադային հիմքի և ելևէջային համակարգի, մետրի և ռիթմի, խոսքային և երաժշտական «բարբառների» Ողջ բազմազանությունն ու ինքնատիպությունը: Շատ հոգևոր մեղեդիներ, որոնք պահպանվել էին բանավոր, վերաձայնագրվել են Կ-ի կողմից՝ զգալի հարստացնելով հայ ազգային մելոսը նրա նաև այդ՝ պատմական խոր ավանդույթներ կրող ճյուղում: Կ-ի կողմից Երաժշտ. ֆոլկլորի մի շարք հնա-զույն ու բարձրարվեստ նմուշների հայտնաբերման փաստը (հեթանոսական հավատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, «Սասուն-ցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան ան-տանիները և հոգևոր տաղերի ժող. տար բերակները) իրավացիորեն հավասարեցվում են պատմամշակութային խոշոր հայտնագործությունների: Կ-ի հավաքած հայ գեղջկական երգերը (եղել են չորս հազարից շատ ավելի, առայժմ վերագտնված է շուրջ հազար երկուհարյուր նմուշ) ամբողջությամբ վերցրած ներկայանում են որպես հայ ժող. երգարվեստի անթոլոգիա: Դրանք ծանրակշիռ ներդրում են հայագիտության բնագավառում և, դրա հետ միասին, աշխարհի ժողովուրդների մինչ այդ հավաքված ֆոլկլորը հարստացրել են մի ինքնատիպ, ազգային ցայտուն դեմք կրող և դրանով իսկ խիստ արժեքավոր հատվածով: Կ-ին են պատկանում նաև քրդական ժող. երգերի առաջին ձայնագրությունները. Քյոթահիայում նա գրի է առել նաև հայերի կատարած թուրքական երգեր: Իր տեսական աշխատություններում Կ. բացահայտել է ժող. երաժշտության կենսական հիմքերը: Ըստ Կ-ի՝ յուրաքանչյուր երգ շինական սրտի հարազատ արձագանքն է և հոգու վճիտ հայելին: Յուրաքանչյուր երգ պատկերացնում է կյանքի տեսարանի մի լայն նկար՝ փոքրիկ շրջանակի մեջ առած: Կ. նկարագրել է ժողովրդի երգաստեղծության բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն արժանիքները, բնութագրել նրա գեղագիտական նշանակալիությունը, հարստացրել ժող. երգի վերլուծության մեթոդիկան: Սկզբունքորեն կարևոր էր նաև հայ ժող. և հոգևոր երաժշտության հիմքերի միասնականության և հոգևոր երգի ոճական հատկանիշների բացահայտումը: Դա էականորեն օգնեց հոգևոր երաժշտության ուսումնասիրման, խազերի, մասնավորապես առոգանության նշանների վերծանության գործին: Կ-ի տվյալներով Երաժշտ. խազերի համակարգը ընդգրկում է՝ «ա. Ձայնաստիճանի խազեր, բ. Ձայներանգի խազեր, գ. Զարդախազեր, ղ. Ձայնուժի խազեր, ե. Ամանակի խազեր, q. Բանալի խազեր, է. Առոգանության խազեր, ը. Կետադրության խազեր, թ. Ոճական խազեր, Ժ. Կապող և զատող խազեր, ժա. Կիսանիշ խազեր և այլն»՝ մի համակարգ, որ հնարավորություն է տվել մեղեդիները գրի առնել բավական մանրամասնորեն: Նրա խագաբանական աշխատանքներից տպագրված երկու փոքրածավալ հոդվածներն իսկ էական ներդրում են ընդհանուր երաժշտ. միջնադարագիտության մեջ: Կ-ի ս տեղ ծագործությունը, րր գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու մասի՝ ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են ժող. կամ հին հոգևոր մեղեդիներ, և գործեր, որոնք այդպիսի սկզբնաղբյուրներից անկախ են: Վերջինների թվում են՝ «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը ա կապելլա խմբի և մեներգիչների համար, Հ. Պարոնյանի խոսքերով «Քաղաքավարության վնասներ» երաժշտ. պատկերները, Տ. Հովհաննիսյանի խոսքերով «Ուր ես գալիս, այ գարուն» կանտատը, Հ. Թումանյանի խոսքերով քնարական-փիլիսոփայական «Մութն էր երկինքը» ռոմանս-մանրապատումը, հայ երգային քնարականության ամենատարածված նմուշներից՝ «Կաքավի երգը» ևն: Սրանցից վաղագույններում կոմպոզիտորի անհատական ոճը դեռևս այնքան ցայտուն չէ, բայց դրանք բոլորն էլ առանձնանում են բովանդակալիությամբ և կոմպոզիցիայի վարպետությամբ: Կ-ի ստեղծագործության մեծագույն մասը ժող. սկզբնաղբյուրից սերված գործերն են (ավելի քան 150 անուն վոկալ և 8 դաշնամուրային՝ բազմաթիվ տարբերակներով), որոնց նա առավել նշանակություն էր տալիս ելնելով այն կարևոր դերից, որ դրանք ավելի լավ կարող էին կատարել (և իրոք կատարեցին) ժողովրդի գեղագիտական դաստիարակության, ինչպես և նրա պրոֆեսիոնալ երաժշտ. արվեստի զարգացման, դրա ազգային ոճի և ինքնատիպ լեզվի ձևավորման գործում: Այս երկերն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում թեմաների և երաժշտական կերպարների բազմազանությամբ, սրանցում առկա է ժող. երաժշտության կենսական ուժի և բնորոշ առանձնահատկությունների նուրբ զգացողություն, պարզ զգացվում է ժող. նյութի նկատմամբ կոմպոզիտորի անհատականության զորեղ ներգործությունը, լինեն դրանք քնարական սրտառուչ պատումներ («Գարուն ա», «Քելեր, ցոլեր» ևն), երկրագործական աշխատանքը փառաբանող վեհաշունչ հիմներ («Լոռու գաթաներդ», «Կալերգ և սայլերգեր» ևն), սոցիալական կեցություն արտահայտող երգ-մոնոլոգներ («Ծիրանի ծառ», «Կռունկ», «Անտունի» ևն), հայրենի բնությունը կամ ավանդական ծեսերը գեղարվեստորեն վերարտադրող ծավալուն տեսարաններ («Լուսնակն անուշ», «Արարատյան գիշեր», հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ երգաշարեր): Այս բոլորը միասին խորապես տպավորիչ կերպարներով ներկայացնում են Հայաստանի ժողովրդի կյանքը: Դրանցում (ինչպես հենց բուն Ժող. սկզբնաղբյուրներում) զուսպ հուզականությունը զուգորդված է արտահայտության հստակությանը, շարադրանքի թեթևությունը և մանրամասների նուրբ մշակվածությունը ավելի ընդգծում են բովանդակության խորությունը: Իր ստեղծագործության մեջ Կ. վճռականորեն հրաժարվեց ավանդական դարձած կոմպոզիցիոն միջոցներից: Շատ գործերում, մասնավորապես ներդաշնակության և պոլիֆոնիայի, հավասարապես նաև դաշնամուրային շարադրության մեջ, նա կիրառեց բացառիկ ինքնատիպ և տվյալ դարաշրջանի համաշխարհային երաժշտության համար նորություն կազմող միշոցներ ու հնարներ, որոնք նա ստեղծել էր ժող. երաժշտության հատկանիշների և իր ժամանակի եվրոպական կոմպոզիտորական տեխնիկայի միշոցների խելամիտ սինթեզի գնով: Այս իմաստով բացառիկ հետա-քըրքրականություն ունեն նաև նրա հոգե-վոր գործերը (դրանց թվում՝ արական ա կապելլա խմբի համար գրված վիպական լայնաշունչ «Պատարագը»): Կ. XX դարասկզբի համաշխարհային երաժշտության դասական դարձավ երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդներով, ժող. երաժշտության օգտագործման իր բացած նոր ուղիներով: Նրա պոլիֆոնիան ժող. լադերում ընթացող ինքնուրույն մեղեդիների՝ հաճախ բազմատոնալ կամ բազմալադային զուգորդում է, իսկ հարմոնիան՝ յուրատեսակ կվարտակվինտային կամ ժողովրդա-լարային բնույթի այլ համահնչյուններով ժող. լադերի ինքնատիպ մեկնաբանում: Կ-ի ստեղծագործական մեթոդը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության զարգացման հունի մեջ, նաև նկատելի ազդեցություն ունեցավ արևելյան այլ ժոդովուրդների երաժշտության զարգացման վրա: Կ. գրել է նաև բանաստեղծություններ (հրտ. ԿՊ, 1939, Ե., 1969): Իր կյանքի ընթացքում հնարավորություն չունենալով՝ կ. քիչ բան է հրատարակել իր գործերից: Կոմպոզիտորի հիվանդության տարիներին և մահից հետո նրա գործերի մի մասը հրատարակել է Փարիզում գործած «Կոմիտաս վարդապետի բարեկամներու հանձնախումբը», հետագայում՝ «Կոմիտասյաև խնամատար հանձնաժողովը» (Ա. Չոպանյան, Մ. Բաբայան և ուրիշներ, խմբագրությունը մեծ մասամբ՝ Վ. Սարգսյանի): ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ը ներկայումս շարունակում է փնտրել և հավաքել նրա ցրիվ եկած ձեռագրերը և աստիճանաբար հրատարակում է կոմպոզիտորի երկերի հնարավորին չալի լրիվ ժողովածուն: Կոմիտասի աճյունը թաղված է Երևանում, հայ մշակույթի գործիչների պանթեոնում:
Երկ. Ժող., խմբ. Ռ. Ա. Աթայան, հ. 1-2, Ե., 1960—65: Երկ. ժող., խմբ. Ռ. Ա. Աթայան, հ. 1—5…, Ե., 1969— 79…: Երժշտական ստեղծագործություններ. Հայ քնար (1— 12, հայերեն և ֆրանս,), Փարիզ, 1907: Հայ գեղշուկ երգեր, 13-22 և 23—32, Լայպցիգ, 11912: Պարեր դաշնամուրի համար, Փարիզ, 1925: Դաշնավորյալ երգեցողություն Ս. պատարագի, Փարիզ, 1933: Տաղք և ալելուք, Փարիզ, 1946: Ժողովրդական երգերի և ոտանավորների ժողովածուներ. Շար Ակնա ժողովրդական երգերի, Վաղ-պատ, Հ. ճանիկյանի «Հնությունք Ակնա» գրքի հետ, 1895: Քրդական եղանակներ (հայատառ և լատինատառ քրդերեն), Մ., 1903: Ժողովրդական երգեր. (Ազգագրական ժողովածու 1), հայերեն նոտագրությունից փոխադրեց եվրոպականի, առաջաբանով և դիտողություններով Ս. Մելիքյանի, Ե., 1931: Ազգագրական ժողովածու 2. Երգերևպարերգեր, կազմ. Մ. Ղ. Աղայան, Ե., 1950: Հազար ու մի խաղ, Ա և Բ հիսնյակ, խմբ. Կոմիտաս վարդապետ և Մ. Աբեղյան, Վաղ-պատ, 1903—05: Նույնը, Ե., 1969: Ժողովրդական խաղիկներ, խմբ. Մ. Աբեղյան, մասնակի աշխատակցությամբ Կոմիտասի, Ե., 1940: Գիտական աշխատություններ. Jnterpunktionssystemder Armenier, «Sammelbande der Internationalen Musik-Gesellschaft», Lpz.1899, Heft 1 Armeniens volkstumliche Reigentanze,«Zeitschrift fur armenische Philologies (Marburg), 1901, Bd. 1 La musique rustiquearmenienne, «Mercure musicale», (Paris), 1907,5 Հայ գեղշուկ երաժշտություն, առածաբանը Ա. Ձոպանյանի, Փարիզ, 1938: Հողվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941:
Գրկ. Չոպանյան Ա., Դեմքեր, «Անահիտ», 1901, 6—7: Հովսեփյան Գ., Կոմիտաս վարդապետի երաժշտական ճանապարհորդությունը Եվրոաայում, «Արարատ», 1907, 10—11: Թերլեմեզյան Ռ., Կոմիտաս վարդապետ, Վնն., 1924: Ազատյան Թ., Կոմիտաս վարդապետ, ԿՊ, 1931: Պերպերյան C, Կոմիտաս վարդապետ, Բուխարեստ, 1936: Աթայան Ռ., ժողովրդական երգի ներդաշնակության սկզբունքը Կոմիտասի մոտ, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ, 1949,9: Կոմիտաս. (Մատենագիտություն), կազմ. Ն. Թեյմուրազյան, Ե., 1957: Շահվերդյան Ա., Ակնարկներ հայ երաժշտության պատմության, Ե., 1958: Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Ե., 1969: Բոլյան Թ., Կոմիտաս, Ե., 1969: Թահմիզյան Ն., Կոմիտասը և հայկական խազերի վերծանության խնդիրը, «ՊԲՀ», 1969, 4 Корганов В., Кавказская музыка, Тифлис, 1908 Шавердян А., Комитас и армянская музыкальная культура, Е., 1956 Геодакян Г., Комитас, Е., 1969 Атаян Р., Комитас—собиратель армянской народной песни, Труды VII международного конгресса антропологических и этнографических наук, т. 7, М., 1970 Ро ladian Տ., Armenian Folksongs, Les Angeles, 1942 Նույնի, Komitas vardapet and his contribution to Ethnomusicology, «Ethno-musicology», (California), 1972, 1.
Ռ. Աթայան
