Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻԶՄ ԿԱՌՈՒՑՈՂԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈԴԵՔՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՈՒՆԻԶՄ ԿԱՌՈՒՑՈՂԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈԴԵՔՍ, կոմունիստական բարոյականության սկզբունքների գիտականորեն հիմնավորված հավաքածու, որ առաջացել է սոցիալիստական հասարակարգում և տեսականորեն ընդհանրացվել ՍՄԿԿ XXII համագումարի ընդունած ՍՄԿԿ ծրագրում: Պայմանավորված է գոյություն ունեցող հասարակական հարաբերություններով, կրում է կոնկրետ, պատմական բնույթ, արտացոլում է նոր բարոյական նորմերի բովանդակությունը և անհատի բարոյական զարգացումը կոմունիզմին անցնելու ընթացքում: Նրա հիմնական սկզբունքն է հավատարմությունը կոմունիզմին և սերը սոցիալիստական հայրենիքի նկատմամբ: Սահմանվում է մարդու նոր, սոցիալիստական վերաբերմունքը աշխատանքի, հասարակական սեփականության, հասարակական շահի, մարդու, ընտանիքի, երեխաների նկատմամբ: Կոդեքսի ինտերնացիոնալ բնույթը բացահայտվում է ՍՍՀՄ և բոլոր ժողովուրդների բարեկամության և եղբայրության սկզբունքի հաստատումով: Հռչակվում են կոլեկտիվիզմի, հումանիզմի բարոյական սկզբունքները՝ արտահայտված «…մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար», «մարդը մարդուն բարեկամ է, ընկեր և եղբայր» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 88) բանաձևերում: Կոդեքսի հիմքր միջազգային կոմունիստական շարժման իդեալների հաստատումն ու կոմունիզմի համար մղվող պայքարն է: Սակայն այդ դասակարգային բովանդակությունը համակցվում է համամարդկայինին, որքանով կոմունիզմի համար պայքարը վերջին հաշվով համապատասխանում է ողջ մարդկության շահերին: Այն ժամանակակից մարդու բարոյական դաստիարակության կարևոր միջոց է, նպաստում է կոմունիզմի համար պայքարող գիտակից, ակտիվ և բազմակողմանի զարգացած նոր մարդու ձևավորմանը, որն ազատ է նախկին հասարակության արատներից: Տես նաև Կոմունիստական դաստիարակություն: