ՀՍՀ/ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
ԿՈՄՊՈԶԻՑԻԱ (լատ. compositio—կազմում, հորինում), հորինվածք, կաոուցվածք, 1. գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպեսևբնույթով ու նշանակությամբ: Կ. գեղ. ձևի կարևորագույն, կազմակերպող բաղադրիչն է, ստեղծագործությանը հաղորդում է միասնություն և ամբողջականություն, նրա տարրերը համաստորադասում միմյանց և ամբողջին: Գեղ. պրակտիկայի, իրականության գեղագիտական իմացության ընթացքում կազմավորված Կ-ի օրենքները այս կամ այն չափով իրական աշխարհի երևույթների օբյեկտիվ օրինաչափությունների ու փոխկապակցությունների գեղարվեստորեն մարմնավորված արտացոլումն ու ընդհանրացումն են՝ կապված արվեստի տեսակի, ստեղծագործության գաղափարի ու նյութի և այլ բաների հետ: Գրականության մեջ Կ. գրական ստեղծագործությունների բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է: Գրական ստեղծագործության կառուցվածքը պայմանավորված է նրա թեմայով և գաղափարով: Փոքր ծավալի երկերում Կ. ավելի պարզ է, ծավալուն երկերում՝ բարդ: Կառուցվածքային ձևերից են պատումի շարադրանքը հեղինակի, ականատեսի, գլխավոր հերոսի կողմից, նամականին, օրագրությունը: Գրական երկի կառուցման միջոցներից են կերպարների ընդհանրացված գնահատականը, նրանց դիմանկարը, ապրումների և հոգեկան վիճակների, կենցաղային միջավայրի և իրերի նկարագրությունը, բնության տեսարանները, հերոսների ուղղակի խոսքը, հեղինակային շեղումները: Պատմողական և դրամատիկական ստեղծագործություններում Կ-ի կարևորագույն բաղադրամասերից է նաև գործողությունների և դեպքերի ընթացքը՝ սյուժեն: Է. Ջրբաշյան
Տարածական արվեստներում Կ. միավորում է գեղ. ձևի կառուցման միջոցներր (տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազմում, սիմետրիա և ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն, նրբերանգ և հակադրություն, հեռանկար, խմբավորում, գունային լուծում ևն): Կ. կազմակերպում է ստեղծագործության ինչպես ներքին կաոուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը շրջապատող միջավայրի ու դիտողի հետ: Ճարտարապետության մեջ Կ-ի հիմքում ընկած է կառույցի, կոմպլեքսի, քաղաքի գեղարվեստա-գաղափարական ֆունկցիոնալ, կառուցվածքային սկզբունքների, արտահայտչամիջոցների ներդաշնակ համադրումը: Դարերով մշակված ճարտարապետության գիտական վերլուծումով բացահայտվել են մի շարք օրինաչափություններ, որոնց բնորոշումն ու դասակարգումը կազմում են «ճարտարապետական կոմպոզիցիա» առարկայի հիմունքները: Ճարտ. կոմպոզիցիոն միջոցներից են մասշտաբը, համաչափությունները, սիմետրիան, ասիմետրիան, գույնը, ստվերը, ռիթմը, մետրական կարգը, արվեստների համադրումը են, որոնց ճիշտ ընտրության և համադրման շնորհիվ է նախագծողը հասնում իր առջև դրված գաղափարագեղարվեստական խնդիրների յուրօրինակ ստեղծագործական լուծումներին: Կ-ով է պայմանավորված ճարտ. ձեի արխիտեկտոնիկ կերպարը: Հաճախ կ. են անվանում նաև ամբողջական ձևերի համադրվածքը կամ առանձին կառույցի տիպը: Կերպարվեստում Կ. ստեղծագործության գաղափարական և սյուժետա-թեմատիկ հիմքի կոնկրետ մշակումն է՝ տարածության մեջ առարկաների ոլ մարմինների տեղադրումով, ծավալների, լույսի ու ստվերի, գունաբծերի և այլ հարաբերակցության հաստատումով: Կ-ի տիպերն են՝ «կայուն» (ուր կոմպոզիցիոն հիմնական առանցքները ուղիղ անկյան տակ փոխհատվում են ստեղծագործության երկրաչափական կենտրոնում) և «դինամիկ» (ուր հիմնական առանցքները փոխհատվում են սար անկյան տակ, գերիշխում են անկյունագծերը, շրջագծերն ու ձվածիրները), «բաց» (ուր գերակշռում են տարոլղղված կենտրոնախույս ուժերը, իսկ պատկերը ըստ ամենայնի բացվում է դիտողին) և «փակ» (ուր գերիշխում են կենտրոնաձիգ ուժերը՝ պատկերը ձգելով ստեղծագործության կենտրոն): Կ-ի «կայուն»և«փակ» տիպերր գերակշռում են, օրինակ, Վերածննդի արվեստում, «դինամիկ» և «բաց» կ-ները՝ բարոկկոյի շրջանում: Արվեստի պատմության մեջ մեծ դեր են խաղացել ինչպես ընդհանուր կոմպոզիցիոն կանոնները (օրինակ, հինարևելյան, վաղմիջնադարյան, Բարձր Վերածննդի, կլասիցիզմի արվեստներում), այնպես էլ ավանդական խիստ կանոնական սխեմաներից անցումը ազատ կոմպոզիցիոն միջոցների, այսպես՝ XIX—XX դդ. արվեստում մեծ դեր է խաղացել արվեստագետների անհատական ձգտումը դեպի ազատ Կ.: Երաժշտական Կ-ի, այսինքն՝ երաժշտական երկի կառուցվածքի մասին տես Երաժշտական ձև:2. Երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական ստեղծագործություն, կոմպոզիտորի կամ նկարչի, քանդակագործի ստեղծագործության վերջնական արդյունքը:3. Արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղ. բարդ ստեղծագործություն (օրինակ, գրական-երաժշտական Կ.):4. Երաժշտական ուսումնական հատուկ առարկա՝ երաժշտական ստեղծագործություն, որի ուսուցումը սերտորեն կապված է երաժշտա-տեսական մյուս առարկաների՝ ներդաշնակության, պոփֆոնիայի, գործիքավորման, երաժշտական երկերի վերլուծության ուսումնասիրմանը:5.
