ՀՍՀ/ԿՈՄՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄՍ (լատ. comes, ֆրանս. comte, անգլ. earl, գերմ. Graf), թագավորական պաշտոնյա վաղ միջնադարյան Արևմտյան Եվրոպայում: Ֆրանկական պետությունում VI դ. 2-րդ կեսից Կ. իրեն ենթակա շրջանում՝ կոմսությունում ուներ դատական, վարչական և զինվորական իշխանություն: Աստիճանաբար Կ-ի պաշտոնը դարձել է ժառանգական: Ֆեոդալական մասնատվածության շրջանում Կ. ֆեոդալ տիրակալ էր, այնուհետև՝ բարձր ազնվականական տիտղոս (առ այսօր ձևականորեն պահպանվում է Եվրոպայի միապետական երկրներում): Ռուսաստանում Կ-ի («գրաֆ» ձևով) տիտղոսը մտցրել է Պետրոս I (վերացվել է 1917-ին): Կ. կամ գունդ է կոչվել Կիլիկիայի հայկ. պետությունում Կոռիկոսի կառավարիչը:
