ՀՍՀ/ԿՈՆՍՏԱՆՑԱ
ԿՈՆՍՏԱՆՑԱ (Constanta), քաղաք և նավահանգիստ Ռումինիայում, Սև ծովի ափին, Կոնստանցա գավառի վարչական և առողջարանային շրջանի կենտրոնն է: 260 հզ. բն. (1979): Տրանսպորտային հանգույց է, օդանավակայան, նավթամուղով կապված է Պլոեշտիի հետ: Ձկնորսական բազա է: Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը: Ունի հնագիտական և գեղարվեստի թանգարաններ: Կ-ի տեղում հոնիացի հույները VI դ. հիմնել են Տոմիս քաղաք-պետությունը, որը մ. թ. ա. 29-ին նվաճել են հռոմեացիները: Մ.թ. 8—17-ին այստեղ աքսորված է եղել բանաստեղծ Օվիդիոսը: Հոոմ. կայսր Կոստանդին Մեծը (իշխել է 306—337-ին) քաղաքը վերանվանել է Կոստանդինիանա: 1413—1878-ին Կ. (թուրք. Քյոսթենջե) գտնվել է օսմանյան տիրապետության տակ: 1878-ից Ռումինիայի կազմում է: Հայերը Կոնստանցայում: Հայերը Կ-ում սկսել են բնակություն հաստատել XVIII դ. (1760-ին ունեցել են մատուռ): 1877—78-ի ռուս-թուրք. պատերազմից հետո, երբ Կ-ն անցավ Ռումինիային, հայերի վիճակը բարելավվեց. նրանք 1879—80-ին կառուցեցին Ս. Աստվածածին եկեղեցին և դպրոց: Հետագայում հայերի թիվը ստվարացավ ի հաշիվ 1894—1896-ի հայկական կոտորածներից և 1922-ի Զմյուռնիայի աղետից փրկված հայերի (1926-ին՝ 3000, 1932-ին՝ 3200 մարդ): Հիմնականում զբաղվել են արհեստներով ու առևտրով, ոմանք ունեցել են աղյուսի, հյուաիսծքեղենի, երկաթաձուլական փոքրիկ գործարաններ: Բացի 1879-ին ստեղծված թաղական խորհրդից, հայերի կյանքը ղեկավարել և կազմակերպել են բարեգործական-մշակութային ընկերությունները՝ «Հայ երիտասարդների միությունը» (հիմն. 1900-ին), «Բարեգործական ընկերությունը» (հիմն. 1901-ին), ՀԲԸՄ Կ-ի մասնաճյուղը՝ 1911-ից, 1920-ական թթ. ՀՕԿ-ի մասնաճյուղը, որին 1940-ին փոխարինել է «Զանգու» կազմակերպությունը: 1945-ին ստեղծվել է «Հայսատանյան ճակատ»ի մասնաճյուղ, որը կարևոր դեր է կատարել կոնստանցահայերի՝ Սովետական Հայաստան հայրենադարձման գործում: 1948—59-ին գործել է Հայ դեմոկրատական կոմիտեն: Թատերական, երաժշտական, մարզական են միջոցառումներ են անցկացրել «Քնար» երգեցիկ-թատերական ընկերությունը (1905), «Արաքս» թատերասրահը (1908) ու կրթական միությունը (1920-ական թթ), «Երևան», «Րաֆֆի» մշակութային միությունները, «Կոմիտաս», «Քնար», «Սևան» երգչախմբերը, ՀՄԸՄ, «Աշակերտական միությունը»: Առաջին հայկ. վարժարանը՝ «Լուսավորչյան»ը, բացվել է 1879-ին, որին հաջորդել է «Հայկազյան»ը (1896—1959): Այժմ (1979) Կ-ում ապրում է շուրջ 1200 հայ, որոնք ակտիվորեն մասնակցում են սոցիալիստական հասարակարգի կառուցմանը Ռումինիայում:
Ս. Քոլանջյան
