Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՏԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՏԱ, Գոնտա (Conta), վասիլե Գրի-գորեհի 15.11.1845, Գինդըոան (Ռումինիայում)—21.4.1882, Ցասսի, հայազգի ռումին փիլիսոփա, պետական-քաղաքական գործիչ, իրավագետ: Սնվել է քահանայի ընտանիքում: Ավարտել է Անտվերպենի ինստ-ը: Գենտի համալսարանում դասավանդել է ֆրանսերեն: Բրյուսելի համալսարանում ստացել է իրավաբանության դոկտորի գիտական աստիճան (1872): Եղել է իրավունքի պրոֆեսոր Ցասսիի համալսարանում: 1879-ին անկախականների կուսակցությունից ընտրվել է Ռումինիայի պառլամենտի անդամ, 1880—81-ին՝ հանրային կրթության (լուսավորության) մինիստր: Կազմել է երկրի լուսավորության վերակառուցման օրինակելի, առաջադիմական ծրագիր: Վատառողջության պատճառով Կ. հրաժարվել է պետ., քաղ. և մանկավարժական գործունեությունից, իրեն ամբողջությամբ նվիրել փիլ. գիտությանը: «ճակատագրապաշտության տեսությունը» (1876, ֆրանս. հրտ. 1877), «Տեսակների ծագումը» (1877), «Մետաֆիզիկայի հիմունքները» (1879, ֆրանս. հրտ. 1880), «Աշխարհի կազմավորման առաջին սկզբունքները» (1888), «Տիեզերական տատանումների տեսությունը» (1876—77, ֆրանս. հրտ. 1895, առաջաբանը՝ Լ. Բյոլխների) և այլ երկերում տվել է ժամանակի բնագիտության և փիլիսոփայության առաջ քաշած մի շարք հարցերի մատերիալիստական պատասխաններր, քննադատել իդեալիզմը և կրոնը: Կ-ի դիալեկտիկական ըմբռնումները դրսևորվել են բնագիտության փիլ. վերլուծություններում: Առաջադրել է համընդհանուր պատճառականության գաղափարը, այն վերագրել նաև մարդու հոգեկանին, որ նա բնորոշել է որպես նյարդային համակարգի ֆունկցիա: Ժխտել է պատահականությունը, որոշ դեպքերում տուրք տվել ճակատագրապաշտությանը: Փորձել է գիտության նվաճումները համաձայնեցնել իր դետերմինիստական ըմբռնումներին: Մարդու ճանաչողական կարողությունը համարել է անսպառ: Զգայությունը և ընկալումը համարել է ճանաչողության առաջին, անմիջական աստիճան, մտածողությունը՝ երկրորդ, միջնորդավորված աստիճան, որն արտացոլումն իրականացնում է զգայության տվյալների մշակմամբ: Բնագիտության նվաճումները և Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը նպաստել են Կ-ի աթեիստական հայացքների ձևավորմանը: Օ. Կոնտի, Հ. Բոկլի և Հ. Մպենսերի սոցիոլոգիայի ազդեցությամբ պաշտպանել է հասարակության օրգանական տեսությունը: Կ-ի աշխատությունները, զեկուցումները, հոդվածները, պառլամենտական ճառերը, իրավաբանական ուսումնասիրությունները, կանոնադրությունները նաև վկայում են հեղինակի իրավաբանական, մանկավարժական, հասարակական-քաղաքական առաջադիմական հայացքների մասին: Կ. գրել է նաև բանաստեղծություններ: Կ-ի փիլիսոփայությունը Ռումինիայի նախամարքսյան մատերիալիզմի ամենաբարձր արտահայտությունն է: Կ-ին բարձր է գնահատել Մ. Էմինեսկուն: Ըստ ակադեմիկոս Պ. Կոնստանդինեսկու-Յաշի, Կ. նպաստել է Ռումինիայում մատերիալիստական հոսանքի ստեղծմանըևերիտա սարդությանը մղել դեպի սոցիալիստական շարժումը: Կ. նամակագրություն է ունեցել Չ. Դարվինի, Լ. Բյուխների, է. Հեկկելի և ուրիշ նշանավոր մտածողների հետ: Ունեցել է հայ աշակերտներ: Ուսումնասիրություններում անդրադարձել է հայերին ու Հայաստանին:

Գրկ. Շրջիկ Հ,. Ճ. Սիրունի, Վասիլե Քոնթա, «Արագ» տարեգիրք (Բուխարեստ), 1933, էջ 58— 59: История философии, т. 2, М., 1957, с. 482-85.

Ս. Քոլանջյան