Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ, կիսահաղորդչային սարքերի անհրաժեշտ տարրեր, որոնք սովորաբար իրականացվում են մետաղ-կիսահաղորդիչ, կիսահաղորդիչ-կիսահադորդիչ (հետերոանցումներ) հպման մակերևույթների տեսքով: Աշխատանքի սկզբունքը հիմնված է երկու պինդ մարմինների հպման հետևանքով դրանց միջև լիցքակիրների (էլեկտրոնների) առկայությամբ պայմանավորված պոտենցիալների կոնտակտային տարբերության առաջացման վրա: Պինդ մարմինների հպման ժամանակ դրանց միջև առաջանում է էլեկտրոնների փոխանակում, մեկ մարմնից մյուսն անցնող էլեկտրոնների թիվը կախված է էլեկտրոնների ելքի աշխատանքից: Էլեկտրոնների փոխանակումը շարունակվում է մինչև թերմոդինամիկական հավասարակշռություն հաստատվելը, որին, ըստ Ֆերմի-Դիրակի վիճակագրության, համապատասխանում է երկու պինդ մարմիններում Ֆերմիի մակարդակների (էլեկտրոնային գազի համար քիմ. պոտենցիալների մակարդակների) հավասարությունը: Ֆերմիի մակարդակների համապատասխան արժեքների դեպքում էլեկտրոնների փոխանակման հետևանքով երկու պինդ մարմինների հպման տեղում առաջանում է կրկնակի էլեկտրական շերտ, որում էլեկտրոնների թիվը տարբերվում է կոնտակտից հեռու տիրույթներում էլեկտրոնների թվից: Կախված պինդ մարմինների ֆիզիկական հատկությունները բնութագրող պարամետրերից (ելքի աշխատանք, մակերևութային էլեկտրոնային վիճակների խտություն, լիցքակիրների խտություն ևն) երկու պինդ մարմինների հպման տեղում կարող են առաջանալ կամ կիսահաղորդչային սարքի օգտակար հատկությունները որոշող ակտիվ տիրույթներ, կամ էլեկտրական հոսանքը կիսահաղորդչային սարքին մատուցող պասսիվ տիրույթներ: Առաջին դեպքում Կ. օժտված են ուղղիչ հատկությամբ, երկրորդ դեպքում՝ ոչ: Առավել տարածված ակտիվ Կ. են մետաղ-կիսահաղորղիչ Կ.: Դրանց հիման վրա ստեղծվել են ուղղիչ դետեկտորներ, հեդեղաթռիչքային և Շոտքիի արգելքով այլ դիողներ, միջուկային ճառագայթման դետեկտորներ, տենզոզգայուն դիողներ, արևային մարտկոցներ ևն: Կիսահաղորդչային սարքերում հատուկ դեպք են ներկայացնում մետաղ-դիէլեկտրիկ-կիսահաղորդիչ տիպի բազմաշերտ Կ., որոնցում մակերևութային դաշտային էֆեկտը օգտագործվում է պինդ մարմնում ուժեղացուցիչների ստեղծման համար: