ՀՍՀ/ԿՈՋԱՄԱՆՅԱՆ
ԿՈՋԱՄԱՆՅԱՆ, Կոճամանյան, Գազանդ Մկրաչի (ծն. 31.12.1909, Տրապիզոն), հայ նկարիչ: Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում: 1927-ից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվ. գեղարվեստի դպրոցում, 1930—35-ին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: Կ-ի դիմանկարների, բնանկարների մեջ գերակշռողը մայրության թեման է: Կ-ի մարդկայնությամբ տոգորված աշխատանքները մանկության տխուր հուշերի վերամարմնավորումներ են: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, մասնակցել Վենետիկի Բիենալեին (1952): Հայաստանի պետական պատկերասրահում են գտնվում Կ-ի «Կնոջ դիմանկարդ (1945), «Բնանկար» (1948), «Մայրը երեխաների հետ» (1959) և այլ աշխատանքներ: 1972-ից բնակվում է ԱՄՆ-ում:
Շ. Խաչատրյան
