ՀՍՀ/ԿՈՋՈՅԱՆ
ԿՈՋՈՅԱՆ Հակոբ Կարապետի 1(13). 12.1883, Ախալցխա—24.4.1959, Երևան, հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1935): Ծնվել է ոսկերչի ընտանիքում: 1900-ին ավարտել է վլադիկավկազի Արհեստավորաց վարժարանը՝ միաժամանակ հոր մոտ զբաղվել ոսկերչությամբ: Նույն թվականին տեղափոխվել է Մոսկվա, փորագրիչ-ոսկերչի արհեստը կալոարելագործել Պրուսովի արվեստանոցում: 1903-ին մեկնել է Մյունխեն, նախ սովորել Ա. Աժբեի ստուդիայում (1903—05), ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում (1905—07): 1907—09-ին ապրել է Փարիզում: 1909-ին վերադարձել է Վլադիկավկազ, մեկ տարի անց գորակոչվել բանակ, այնուհետև հաստատվել Մոսկվայում: 1915—17-ին նորից եղել է բանակում: 1918-ին եկել է Հայաստան, մասնակցել Անիում տարվող հնագիտական-հետագոտական աշխատանքներին: 1919-ին հաստատվել է Երևանում, ստեղծել «Անիի ավերակները» պատմական բնանկարը (ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հավաքածու, Երևան), որը եվրոպական նորագույն գեղանկարչության ու հայ միջնադարի մոնումենտալ-դեկորատիվ արվեստի որոշ գծերի լծորդման արդյունք է: 1920-ին, սովետական կարգերի հաստատումից հետո, Երևանում ապրող նկարիչներ Ս. Առաքելյանի, Կ. Հալաբյանի, Հ. Գրիգորյանի և ուրիշների հետ մասնակցել է «Հայկավռոստայի» աշխատանքներին: 1921-ին մեկնել է Պարսկաստան, ապրել Թավրիզում, նկարել գրաֆիկական («Քնած պարսկուհին», 1921, «Հայկական մունետիկ», 1921, «Հեծելախումբ», 1922, երեքն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում, «Ախալցխայի կանայք», 1922, Ա. Իսահակյանի հավաքածու) և գեղանկարչական («ճաշարան Թավրիզում», 1922, «փողոց Թավրիզում», 1922, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում) պատկերների շարք՝ համադրելով Արևելքի և Արևմուտքի գեղարվեստական ավանդները, ցուցաբերելով ոսկերչի իր հմտությունը, դեկորատիվ-մոնումենտալ արվեստի փայլուն իմացությունը: Ավարտել է բազմամասն ու բազմաֆիգուր «Մալլունցի Դավիթ» (1922, Հայաստանի պետական պատկերասրահ) գրաֆիկական երկը՝ արտացոլելով հազարամյակներ շարունակ հանուն ազատության հայ ժողովրդի մղած պայքարի պաթոսը, նրա կենսունակության, ուժի նկատմամբ իր ունեցած հավատը: Կ. առաջինն էր, որ «Սասունցի Գավիթը» կերտելիս ելակետ ընդունեց վիպերգական նյութի բանահյուսական-դյուցազնական կողմը՝ արտացոլելով միաժամանակ դրա պատմական, կենցաղային ու դրամատիկական-հոգեբանական մոտիվները: Կառուցվածքային տեսակետից այն բարդ հղացում է, բազմամասն մի երկ, որի գրեթե բոլոր դրվագները թեմատիկ-կոմպոզիցիոն ինքնուրույն պատկերի արժեք ունեն: Նկարը բազմազան տիպերի ու ձևերի հարուստ, գիտական բարեխղճությամբ ստեղծված գանձարան է: Կ. 1922-ին վերադարձել է Երևան և ակտիվորեն լծվել մշակութային կյանքին, մասնակցել Հայպետհրատի, Առաջին պետթատրոնի, մամուլի աշխատանքներին: Կ-ի ոճի բազմազանության հետ մեկտեղ ակնհայտ է նրա ստեղծագործության թեմատիկ, ժանրային ու տեխնիկական բազմազանությունը: Նա պատկերազարդել է գրքեր, ստեղծել սյուժետային գործեր, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական արվեստի նմուշներ ու թատերական ձևավորումների էսքիզներ: Հարուստ են նրա ժառանգության տեխնիկական կատարման միջոցները, յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով, գուաշով, մոմաներկով արված գեղանկարչական գործեր, գրաֆիկական թերթեր, փորագրություններ: Եվ այդ բոլորը՝ իրացված ոճական տարբեր հնարքներով: Անկախ նյութի ու տեխնիկայի այլազանությունից, կ. նկարային տարածությունը մշակել է «մաթեմատիկական» ճշգրտությամբ: Գծի, գույնի, ձևի լծորդումն ու փոխհարաբերումը տարել է խստիվ դատողական հաշվարկի ուղիով: Միաժամանակ Կ-ի կերպարները հագեցած են անսահման երևակայությամբ, զգացմունքներով ու ապրումներով: Հիմք ընդունելով հայ արվեստի ազգային սկզբունքներն ու Եվրոպայում ձեռք բերած գեղարվեստական փորձը՝ Կ. իր ամբողջ կյանքում ազատորեն օգտվել է Արևելքի ու Արևմուտքի մշակութային ավանդներից: Մ. Սարյանի հետ Կ. Վերականգնել-վերաիմաստավորել է հայ ազգային պրոֆեսիոնալ արվեստի գծաալաստիկական, գունագրական և ընդհանուր գեղագիտ. ըմբռնումները: 1923—30-ին եղել է Հայաստանի տարբեր վայրերում, ստեղծել բնանկարների մի մեծ շարք («Ապարան գյուղում», 1923, «Ապարան գյուղը», 1925, «Աշունը Երևանում», 1923, «Արագածը Երևանից», «Վաղ գարուն», 1930, բոլորն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում): Մ. Սարյանի, Մ. Առաքելյանի նույն կարգի երկերի հետ այս կտավները բնանկարչությունը նոր մակարդակի հասցրին մեզանում: 1925-ին իրար հաջորդող թեմատիկ-կոմպոզիցիոն վեց նկարով (բոլորն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում) կ. պատկերազարդել է Ս. Զորյանի մշակած «Հազարան բլբուլ» ժող. հեքիաթը՝ լավատեսական ու գունագեղ, իրականի ու ֆանտաստիկականի ներդաշնակ միահյուսումով: 1929-ին են վերաբերում «Ձորագյուղ» (նկարչի ընտանիքի սեփականությունը) և «Կարմիր բանակի մուտքը Կարճևան» (նկարչի տուն-թանգարան, Երևան) հաստոցային գրաֆիկայի նմուշները: Այդ փորագրությունները հիմնավորապես ազդել են նյութի վրա կատարվող գրաֆիկայի արմատավորմանն ու զարգացմանը սովետահայ արվեստում: 1930-ին Կ. կերտել է «Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում» (Հայաստանի պետական պատկերասրահ) բազմաֆիգուր մեծադիր կտավը՝ բոլորովին ինքնատիպ մարմնավորում տալով բազմիցս կրկնված գնդակահարության թեմային: Սյուժեի պատմողական ծավալման, մոնոքրոմ գունագրության, շարժման գերլարված ռիթմի, կերպարների սուր հակադրման միջոցով հեղինակը իրական փաստը ներկայացրել է խոշոր ընդհանրացումով: Այս երկը XX դ. հայ գեղանկարչության նշանակալից երևույթներից է իր բոլոր կողմերի ներդաշնակությամբ: 1933-ին պատկերազարդել է Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն (բնօրինակը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)՝ հանդես բերելով նկարիչ-մեկնաբանի բացառիկ հմտություն: Միջնադարյան հայ վարպետների ծաղկած ձեռագրերի և Հին Արևելքի արվեստի մի շարք սկզբունքները նորովի իմաստավորող և գրքարվեստի կատարյալ նմուշ հանդիսացող այս գործը բացահայտում է Չարենց-ստեղծագործողի էությունը, տալիս նրա խոհերի ու իդեալների նկարչական խտացումը: 1930-ական թթ. վերջերից մինչև 1950-ական թթ. սկիզբը արվեստագետը եռանդուն նկարազարդել, ձևավորել է բազմաթիվ գրական ստեղծագործություններ (Ա. Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1933, Մ. Գորկու «Բանաստեղծություններ ու լեգենդներ», 1934, Ա. Վըի տունու «Երկեր», 1935, «Սասնա ծռեո», 1936, «Հայ պոեզիայի անթոլոգիա», ռուս, 1936, Սայաթ-Նովայի «խաղերի ժողովածու», 1945, «Հայկական ժողովրդական հեքիաթներ», 1955 ևն): Արդեն 1920-ական թթ. վերջին և 1930-ական թթ. սկզբին Կ-ի գրքային գրաֆիկան խոր ազդեցություն է թողել երիտասարդ արվեստագետների ստեղծագործության վրա՝ դառնալով ազգային դպրոցի հիմք: 1939-ին Կ. մասնակցել է Մոսկվայում բացված հայկ. արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին: Այդ առիթով նկարիչը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1945—54-ին դասախոսել է Երևանի գեղարվեստի ինստ-ում, ղեկավարել գրաֆիկայի ամբիոնը (1947-ից՝ պրոֆեսոր): 1950—58-ի՝ հայրենի բնությունը պատկերող նկարներում Կ. բացահայտել է անհիշելի ժամանակներից եկող իր ժողովրդի կենսունակությունն ու հարատևությունը («Ձմեռը Երևանի շրջակայքում», 1950, «Լեռնային բնանկար: Ջերմուկ», 1957, «Գառնի գյուղում», 1957, «Սարերը Ծաղկաձորից», 1958, բոլորն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում): Կ. չստեղծել է իրական-պատմական, բանահյուսական, գրական, կենցաղային թեմաներով բազմաֆիգուր պատկերներ՝ ցուցաբերել հորինողի և պատմողի բացառիկ ունակություն: Հեղինակն ընթացել է խոշոր ընդհանրացումների ուղիով: Ուղղակիորեն, թե միջնորդված ձևով՝ նկարիչը իր երկերում անդրադարձրել է հայ ժողովրդի ճակատագիրը, նրա ստեղծագործ հանճարը, փայփայած իդեալները: Կ-ի գործերում կերպարանագծված են ժողովրդի կենսունակությունը, չարիքի, անարդարության հանդեպ նրա ունեցած ժխտական վերաբերմունքը, երջանիկ կյանքի, բարու հաղթանակի ըմբռնումներն ու դրանցհաստատումը: Նրա պատկերները ներշնչում են հավատ ու սեր, բարձրացնումժողովրդի հավաքական ուժի և կամքի անխորտակելիության գաղափարը: 1954-ին և 1958-ին Երևանում, 1959-ին Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Լենինգրադում կազմակերպվել են Կ-ի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսները: Երևանում հիմնվել է Կ-ի անվան գեղարվեստի մանկական դպրոց (1959) և տուն-թանգարան (1973):
Գրկ. Մարտիկյան Ե., Հակոբ Կոշոյան, Ե., 1961: Մաթևոսյան Վ. Հ., Հակոբ Կոջոյան. Արվեստը, Ե., 1971 Дрампян Р. Г., Акоп Карапетович Коджоян, М., 1960.
